Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ ունեինք, որ վախենայինք». Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը՝ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու մասին

Մայիս 02,2018 15:24

«Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ, Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը, որը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն կողմ էր քվեարկել, երեկ էլ կողմ է քվեարկել, որ վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք շարժման մասին՝ Պողոսյանը պատասխանեց. «Դրական»: Ինչի՞ կբերի այն՝ Պողոսյանը վստահեցրեց. «Կբերի ժողովրդի արդար հաղթանակին»:

Թե ինչու է մի քանի օրում 180 աստիճանով փոխել իր դիրքորոշումը, համոզմունքները՝ Կարինե Պողոսյանը հորդորեց չանդրադառնալ իր նախկին քվեարկությանը՝ հօգուտ Սերժ Սարգսյանի. «Այսօր իրողություն է փոխվել, պետք է հաշվի նստել ներկա իրողության հետ: Ամեն օրն իր պատմությունն ունի: Չի կարելի: Օր օրի բան է փոխվում երկրում»:

Հարցին՝ այսօր նոր իրավիճակ է, բայց երբ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկում էիք, ի՞նչն էր ձեզ ստիպում դա անել, ձեզ ստիպե՞լ են, թե՞ ձեր համոզմունքն էր դա՝ Կարինե Պողոսյանը պատասխանեց. «Մենք արդեն անդրադարձել ենք այդ հարցին, այսօր եկեք առաջնորդվենք ստեղծված ներկա իրավիճակով, շարժվենք առաջ»:

Մենք, այնուամենայնիվ, ճշտեցինք, Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար ձեր վրա ճնշում գործադրվե՞լ է, այո՞, թե՞ ոչ, ինչպես Արա Բաբլոյանն էր ասում՝ Կարինե Պողոսյանը պատասխանեց. «Ոչ»: Նա ասաց, որ կողմ քվեարկելիս այդ պահին այդպես է նպատակահարմար գտել. «Ի՞նչ ունեինք, որ վախենայինք»:

Հարցին՝ հիմա ինչո՞ւ եք կարծում, որ վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցնի հենց Նիկոլ Փաշինյանը՝ Կարինե Պողոսյանը պատասխանեց. «Ինչպես հայտարարել է պարոն Ծառուկյանը, մենք կանգնած ենք այսօր մեր ժողովրդի կողքին, մեր ժողովրդի հետ ենք, կիսում ենք ժողովրդի մտահոգությունները: Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի վարչապետ դառնալուն, այո՛, ժամանակավոր վարչապետ, մինչեւ խորհրդարանական ընտրությունները, պարոն Փաշինյանն էլ է հայտարարել, որ կլինի իշխանության ղեկին եւ արդար, ազատ ընտրություններ կապահովի»:

Հարցին՝ եթե այդ արդար ընտրությունները լինեն, դուք ձեզ ապագա խորհրդարանում տեսնո՞ւմ եք՝ Կարինե Պողոսյանը պատասխանեց. «Արդեն դաշինքը կորոշի, այդ հարցում դեռ ոչ ոք ոչինչ չգիտի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031