Այսօր վաղ առավոտից Հրազդան քաղաքի բնակիչները հավաքվել են Կոտայքի մարզպետարանի շենքի մոտ եւ պահանջում են Հրազդանի հանրապետական քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականը:
«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում բողոքի ցույցի մասնակիցներից մեկը Արամ Դանիելյանի մասին ասաց՝ «Ամենաչսիրված քաղաքապետի հրաժարականն ենք պահանջում, նաեւ բոլոր հանրապետականների հրաժարականը»:
Կոտայքի մարզպետը, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Կարո Գուլոյանը: Իսկ «Ծառուկյան» դաշինքը միացել է ընդդեմ ՀՀԿ-ի համաժողովրդական շարժմանը, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն էլ երեկ քվեարկել են «Ելք» խմբակցությունից առաջադրված ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, սակայն վերջինս երեկ բավարար ձայներ չստացավ:
Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանի որդին հոր ծառայողական մեքենայով մահվան ելքով վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, սակայն քրեական պատասխանատվություն չի կրել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ