Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահի հրամանով այսօրվանից մաքսային ծառայությունը կաշխատի 24-ժամյա ռեժիմով

Մայիս 02,2018 15:05

Սահմանային անցակետերը, որպես մաքսային հսկողության գոտիներ, շարունակում են իրականացնել օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները, որոնց իրագործումը, սակայն, էապես դժվարացել է անցակետերին հարող ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու փաստով պայմանավորված: Հետևաբար, մաքսային ընթացակարգերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, ընդառաջ գնալով բիզնեսի առաջարկին, ՊԵԿ նախագահի հրամանով այսօրվանից մաքսային ծառայությունն անցնում է 24-ժամյա սպասարկման աշխատանքային ռեժիմի, որի դիմաց, ի դեպ, կոմիտեի նախագահի հրամանով բիզնեսից օրենքով սահմանված լրացուցիչ մաքսային վճարներ չեն գանձվելու:

Ինչ վերաբերում է մայիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում մաքսային ծառայության վերաբերյալ հնչեցրած բացասական որակումներին, ապա, ինչպես նախկինում ևս հրապարակվել է, վերջին 1,5 տարվա ընթացքում մաքսային համակարգում նշանակալի բարեփոխումներ են իրականացվել: ՊԵԿ-ը նախաձեռնել է բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումներ, որոնց հիմքում ընկած են բարեխիղճ տնտեսվարողների համար մաքսային հսկողությունը հնարավորինս աննկատ դարձնելու, սահմանահատումը պարզեցնելու և արտաքին տնտեսական գործունեությունը խթանելու մոտեցումները: Ներդրումային միջավայրի բարելավման նպատակով պարզեցվել են մաքսային ընթացա­կարգերը: Բարեփոխումների այդ տրամաբանությամբ համալիր միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես՝ գործարկվել է մաքսային արժեքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, մշակվել են ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման և մաքսային մուտքի անդորրագրերի էլեկտրոնային համակարգերը, ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում: Ֆիզիկական անձինք այլևս ստիպված չեն վճարել մաքսային միջնորդներին՝ ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ մաքսային մարմնի կողմից ձևակերպումներն իրականացվում են առանց լրացուցիչ վճարի: Ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ: 2018թ.-ից ՊԵԿ-ը հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ՝ petekamutner.am պաշտոնական կայքէջում գործարկվում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031