ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը տեղյակ չէ` կուսակցությունում քննարկվե՞լ է վարչապետի թեկնածու առաջադրելու-չառաջադրելու հարցը: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ն քիչ ուշ հանդես է գալու հայտարարությամբ այն մասին, որ վարչապետի թեկնածու կրկին չի առաջադրելու:
Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել էր նաեւ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Ի՞նչպես է վերաբերում ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի քվեարկությանը, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Չեմ մեկնաբանի»: Հնարավո՞ր է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում այլ ՀՀԿ-ականներ եւս Նիկոլ Փաշինյանին «կողմ» քվեարկեն`հարցերին էլ պատասխանեց. «Կանխատեսումներ ես երբեք չեմ արել ու չեմ անի»:
Գեւորգ Կոստանյանը համաձայն չէ այն դիրքորոշումների հետ, որ երեկ խորհրդարանում ՀՀԿ-ականների «դեմ» քվեարկությունը դավաճանություն էր: «Չի կարելի որեւէ մեկին մեղադրել կամ պիտակավորել իր դիրքորոշման եւ կարծիքի համար: Ինչքան հանրահավաքի մասնակից ցանկացած անձ ունի կարծիքի եւ դիրքորոշման իրավունք, այնքան էլ հանրահավաքի մասնակից չհանդիսացող ցանկացած անձ, այդ թվում՝ պատգամավորները: Հետեւաբար, որեւէ մեկը որեւէ մեկին իր կարծիքի եւ դիրքորոշման համար պիտակավորելու որևէ իրավունք չունի»:
Մանրամասները` տեսանյութում
«Բարդ իրավիճակ է, բարդ հարցեր եք տալիս, որոնց պատասխանը ես չունեմ»,-ասաց Գեւորգ Կոստանյանը` լսելով հարցերը` ինչպե՞ս պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից, ՀՀԿ-ի դիրքորոշումը ո՞րը պետք է լինի, մյուս կողմինը ո՞րը պետք է լինի, ցուցարարներն արդեն ՀՀԿ-ական պատգամավորների տներն են շրջափակում:
Անդրադառնալով հայտարարություններին, թե ՀՀԿ-ն այլեւս գոյություն չունի՝ Գեւորգ Կոստանյանն ասաց`ցանկացած կուսակցություն իր գաղափարախոսություններով եւ մոտեցումներով գոյություն ունենալու իրավունք ունի. «Ժխտողական գնահատականներ հնչեցնելն այս առումով ճիշտ չէ»:
«Դեռևս մեկ շաբաթ կա, հետո կխոսենք: Ինձ համար դժվար է Հանրապետականի դիրքորոշումը հայտնել, կանխատեսումներ անել: Դուք տեսել եք, որ ես այսքան ժամանակ կուսակցական որոշումների չեմ մասնակցել, որովհետև ես կուսակցական չեմ»,- ասաց Գեւորգ Կոստանյանը պատասխանելով հարցին`իր կարծիքով եկող շաբաթ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի օգտին կքվեարկի՞:
Արդյոք ՀՀԿ-ն միտված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ. Գեւորգ Կոստանյանն ասում է` նման հետևության հանգելու համար «բացարձակ հիմքեր չկան, մինչդեռ դա Սահմանադրական լուծում է, որը չի բացառվում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համենայդեպս Քո և քո նման մի քանիսի անբարտավան պահվաշծքը, դավաճանությունից էլ վատ էր….