Վաղ առավոտից հանրապետությունում սկսվել են քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Երեւանում փակ են գրեթե բոլոր փողոցները: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից դեպի օդանավակայան գնացող փողոցները եւս փակ են, ուստի զբոսաշրջիկները ոտքով են գնում օդանավակայան:
Aravot.am-ի հետ զրույցում զբոսաշրջիկները փակ ճանապարհների ու «նեղության» համար որեւէ դժգոհություն չհայտնեցին, նշելով՝ հասկանում են, թե ինչ իրավիճակ է երկրում. «Գուցե ճանապարհի կեսից հաջողվի մեքենայով հասնել օդանավակայան: Կարծում ենք՝ կստացվի: Կեցցեք, հայեր»:
Որոշ ցուցարարներ, տեսնելով, որ զբոսաշրջիկների հետ երեխաներ կան եւ ճամպրուկները շատ ծանր են, փորձում էին օգնել, իրենց մեքենաներով առաջարկում էին տեղափոխել՝ հույսով, որ ցուցարարները զբոսաշրջիկների համար փակ ճանապարհը կբացեն:
«Զվարթնոց» օդանավակայանում էլ մի խումբ աշխատակիցներ առավոտյան գործադուլ են արել: Aravot.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանն ասաց, որ գործադուլի մասնակիցները հաշվառման բաժնի աշխատակիցներն էին, որոնք առավոտյան խորհրդանշական բողոքի ցույց արեցին, սակայն դրանից օդանավակայանի բնականոն աշխատանքը չի տուժել: Այս պահին, ըստ Աբրահամյանի, օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, ըստ չվացուցակի բոլոր չվերթներն ու վայրէջքներն իրականացվում են, եւ որեւէ խնդիր չկա:
Իսակովի պողոտան, որը մայրաքաղաքի կենտրոն տանող ճանապարհն է, երկու կողմերից փակ է: Փակ են նաեւ մայրաքաղաքի այլ գլխավոր պողոտաներ:
Հիշեցնենք, անհնազանդության գործողությունները, դասադուլն ու գործադուլը, ճանապարհների ու օդանավակայանի շրջափակումը վերսկսվեց այն բանից հետո, երբ երեկ ԱԺ-ում քվեարկությունից հետո ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար ձայներ: Նա երեկ Հանրապետության հրապարակում կոչ արեց փակել բոլոր փողոցները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ