Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հեղափոխական գարնան հանելուկը

Մայիս 02,2018 14:40

Անհանգիստ շարժումներ՝ Ռուսաստանից

Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո Մոսկվան ակնհայտորեն ցույց էր տալիս անհանգստությունը, նրա հրաժարականից ուղիղ 3 օր անց Մոսկվան այնքան շտապեց, որ արդեն ներկայացնում էր Մոսկվայի համար նախընտրելի վարչապետի թեկնածուին: Ապրիլի 26-ին «Ինտերֆաքսը» հաղորդեց, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ հանդիպմանը կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջարկել է վարչապետի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Ռուսաստանյան պետական լրատվամիջոցներին սա բավական էր, որպեսզի միաբերան հաղորդեին, թե «իշխող ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու է առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը»:

Նույն օրը՝ ապրիլի 26-ին, կայացավ մի հեռախոսազրույց, որի նպատակը հայաստանյան իրադարձությունների վրա առավելապես ազդեցություն ունենալն էր: Այդպես էլ եղավ, բայց հակառակ տեսակետից. Կարեն Կարապետյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը Կարապետյանի վարչապետական ապագայի համար ավելի բացասական ազդեցություն ունեցավ՝ «դրսից տղա բերելու» կրքեր բորբոքելու առումով: «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում եւ 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին հանրապետության վարչապետի ընտրության կարեւորությունը»,- ասվում էր Կարապետյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ տարածած հաղորդագրությունում, որտեղ ինչպես նկատում էինք՝ հայաստանյան իրավիճակն արդեն «ճգնաժամային» էր գնահատվում՝ ի տարբերություն նախորդ օրերին Մոսկվայի բավական հանգիստ պահվածքի:

Դարձյալ ապրիլի 26-ին Հայաստանում ՌԴ դեսպանությունը հաղորդագրություն տարածեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի հետ հանդիպման մասին, որում նշվում էր ապրիլի 25-ին ՌԴ դեսպանատանը կայացած հանդիպման մասին. «Ռուսական կողմը ընդդիմադիր ցույցերի եւ երթերի կազմակերպիչներին գործող իշխանության եւ այլ քաղաքական ուժերի հետ կառուցողական երկխոսության կոչ է արել` ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես Սահմանադրության ու ՀՀ բոլոր քաղաքացիների շահերի շրջանակում: Հույս է հայտնվել, որ երկրի կյանքը շուտափույթ կվերադառնա բնականոն, հանգիստ հուն»:

Ապրիլի 26-ը դեպի Մոսկվա չվերթների մասին տեղեկությունների առումով եւս հարուստ օր էր: Այդ օրը հայտնի դարձան, որ աշխատանքային քննարկումների նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը եւ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը, Մոսկվայում տարբեր պաշտոնյաների հետ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ ըստ տարածած հաղորդագրության՝ նրանք քննարկել էին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում: Իսկ Արմեն Գեւորգյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարության հետ, մտքեր էին փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Ռուս պատգամավորները շտապեցին Երեւան

Հայաստանի իշխանության ներկայացուցիչների այցը Մոսկվա, անգամ Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցն ըստ երեւույթին բավարար չէր: Մոսկվան շտապ Երեւան գործուղեց Պետդումայի պատգամավորների: Ով էլ ընտրվի Հայաստանի վարչապետ, ՌԴ-ն կաշխատի Հայաստանի նոր կառավարության հետ՝ Երեւանում ազդարարեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը. «Կարծում եմ՝ եթե պարոն Փաշինյանը, պարոն Կարապետյանը, պարոն Ծառուկյանը եւ այդպես շարունակ… ով էլ որ առաջադրվի վարչապետի թեկնածու, հաղթի ընտրությունների արդյունքում, ապա, բնականաբար, ՌԴ-ն կաշխատի Հայաստանի նոր կառավարության հետ՝ հիմք ընդունելով դաշնակցային պարտավորությունները եւ ակնկալելով փոխադարձություն հայկական նոր կառավարությունից»: Միեւնույն ժամանակ նա հարկ էր համարել նախազգուշացնել․ «Ի վերջո, բոլորս շահագրգռված ենք, որ ամեն ինչ անցնի օրինական ընթացակարգով՝ խորհրդարանի պատերից ներս: Ա՛յ սա կարող եմ հստակ ասել: Ռուսաստանը շատ ուշադիր հետեւելու է սրան: Վստահ չեմ, որ եթե խոսք գնա այս ընթացակարգը կոտրելու մասին, եւ, ասենք, ինչ-որ մեկը փորձի բռնի ճանապարհով փոխել այս ընթացակարգը՝ ելնելով հեղափոխական նպատակահարմարությունից, եւ այլն, եւ այլն, ապա մենք՝ Ռուսաստանում, դա միանշանակ կճանաչենք: Ստիպված կլինենք անցնել de facto, ոչ թե de jure հարաբերությունների»: «Ազատության» հստակեցնող հարցին՝ արդյոք սա սպառնալի՞ք է, Զատուլինն այսպես էր արձագանքել․ «Սա սպառնալիք չէ, այլ ուղղակի բացատրություն: Դուք պետք է դատեք, բացատրեցի, թե մենք, ամենայն հավանականությամբ, մեզ ինչպես կպահենք: Սա իմ անձնական կարծիքն է: Կարող եք ընդունել ի գիտություն, եթե ցանկանում եք»:

Միեւնույն ժամանակ Զատուլինը ընդգծել էր՝ Երեւանում են ոչ թե այն պատճառով, որ ցանկանում են խառնվել Հայաստանի ներքին գործերին կամ ասել՝ ով է Հայաստանի վարչապետի ավելի լավ թեկնածու, այլ ընդամենը մտահոգված են դաշնակից երկրում տեղի ունեցող զարգացումներով: «Կցանկանայինք, ընդհանուր առմամբ, սատարել Կարեն Կարապետյանին, ում բաժին է հասել դժվարին խնդիր՝ գլխավորել կառավարությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Ձեզ նման՝ ներկայումս ես էլ չգիտեմ՝ արդյոք կառաջադրի՞ նա իր թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար, որքան հասկանում եմ՝ շատ հավանական է: Հավանական է, որ Փաշինյանից բացի, ով արդեն իսկ առաջադրել է իր թեկնածությունը, կարող են լինել նաեւ այլ թեկնածուներ, օրինակ՝ պարոն Ծառուկյանը, սա նույնպես հավանական է: Բայց սա չեմ ասում որպես մեկը, ով ցանկանում է ներազդել ինչ-որ բանի վրա, ինձնից նման խոսքեր չեք լսի, թե ես Կարապետյանի կողմից եմ կամ Փաշինյանի: Դա չի լինի»,- նշել էր Զատուլինը՝ հայտնելով, որ հանդիպել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Քննարկել ենք ներքին իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Իրավիճակի վերաբերյալ նրա գնահատականները, ինչպես միշտ, կրում են սթափ բնույթ»:

Այն, որ Մոսկվայի համար, բացի Փաշինյանից, վարչապետի այլ թեկնածուներ էին ընդունելի՝ դա ակնհայտ էր: Մոսկվայի անհանգստությունները մեղմելու ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը, սակայն, այդ օրերին բավական արագ էր գործում: Ապրիլի 29-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավորները հանդիպեցին ՌԴ պատգամավորների հետ՝ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ։ Այդ հանդիպմանը Փաշինյանը վերահաստատել էր, որ Երեւանը չի հրաժարվի ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում անդամակցությունից, եւ որ Հայաստանը կշարունակի զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները: «Մտքեր ենք փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի վերաբերյալ… Մտադիր ենք զարգացնել հարաբերությունները մյուս ուղղություններով` հաշվի առնելով Հայաստանի ազգային շահը»՝ լրագրողներին ասել էր Նիկոլ Փաշինյանը:

«Հայ-ռուսական հարաբերությունները իրապես զարգանալու, խորանալու են»

Ապրիլի 29-ին հանրահավաքում Ն. Փաշինյանը դարձյալ անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների թեմային՝ կրկին խոսելով ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ հանդիպման մասին. «Մեր հանդիպումը անցել է շատ ջերմ մթնոլորտում, մենք բաժանվել ենք որպես բարեկամներ՝ արձանագրելով, որ քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն ոչ մի բանով չի սպառնում, այլեւ առաջիկայում հայ-ռուսական հարաբերությունները իրապես զարգանալու, խորանալու են, եւ ՀՀ պետական ու ազգային շահը այս համատեքստում միայն օգուտներ է ստանալու: Սա չափազանց կարեւոր արդյունք է»:

Այսպես, Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխության ամենաբուռն պահերին մի քանի անգամ ընդգծեց ՌԴ-ի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին: ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկություն հայտնած «Ելքի» ներկայացուցիչը, որը ժամանակին այս հարցով լսումներ էր կազմակերպել, այժմ հստակ ընդգծեց. «Երբ դու ընդդիմություն ես, ընդդիմությունը հնարավորություն ունի պրոբլեմները, որոնք կան այս կամ այն կառույցում, քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում, ընդդիմության պարագայում պիտի դու պրոբլեմները բարձրաձայնես ու համապատասխան արձագանք ստանա, երբ որ դու արդեն հանդես ես գալիս իշխանության ներկայացուցիչ, երբ իշխանություն ես, հնարավորություն ունես բոլոր պրոբլեմները համապատասխան փաստաթղթավորել, գնալ ու քննարկել գործընկեր երկրների հետ եւ բոլոր խնդիրները լուծել»: Ն. Փաշինյանը ապրիլի 30-ին ԱԺ-ում համոզմունք հայտնեց, որ քննարկումների ընթացքում այդ հարցերը կլուծվեն. «Ես հայտարարել եմ, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու, բայց դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ չկան»:

«Դա «մայդան» չէ, այլ սահմանադրական հեղափոխություն»

Ռուսաստանից տարածվող ջղաձիգ վերլուծությունների ֆոնին ուշագրավ էին Snob.ru պարբերականում «Զինված տղամարդկանց պետություն. ինչո՞ւ Հայաստանում իշխանությունը փոխվեց խաղաղ ճանապարհով» վերտառությամբ հոդվածում քաղաքագետ Գլեբ Պավլովսկու դիտարկումները, որում նա անդրադարձել էր հայաստանյան իրադարձություններին՝ ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում: «30 տարի առաջ՝ 1988թ., ես հյուր էի Երեւանում այն ժամանակ դեռ ամենազոր «Ղարաբաղ» կոմիտեի մոտ: Հարյուր հազարանոց ցույցերն արդեն նորմա էին, դրանք տեղի էին ունենում ամեն օր, եւ բողոքի ցույցը չէր տարբերվում տոնից: Կոմիտեի անդամները, որոնք հետո դարձան անկախ Հայաստանի նախագահներ ու վարչապետեր, ինձ հետ շրջում էին երկրում: Նրանք բոլորն էլ անկախություն էին ուզում: Բոլորն էլ ոչնչից չէին վախենում. չէ՞ որ Սփյուռքը Հայաստանը կհեղեղի ներդրումներով, իսկ թուրքերը կվերադարձնեն Արարատը. ինչներին է պետք: Յուրաքանչյուր խաչմերուկի այդ դիվային խորհրդային մտավորականները, աստղաֆիզիկոսներն ու բանասերներն արգելակում էին, երկար վիճելով՝ որտեղ շրջադարձ կատարել եւ որտեղով անցնել: Ես ինչ-որ բան կանխազգում էի, բայց չէի կարողանում ձեւակերպել: Փորձիս պակասը խանգարում էր գնահատել օտարի թերությունները»:

Այնուհետեւ հեղինակը շարունակում էր. «Հայկական ցույցերի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ հակամարտության կողմերը իրենց քաղաքականապես իմաստուն են դրսեւորում, ինչպես ուժեղ զինված տղամարդիկ: Նախկին նախագահ, վարչապետ եւ զինվորական Սերժ Սարգսյանը հենց սկզբից խելացի գործեց: Բողոք չէր լինի, եթե նա Հայաստանին չխաբեր՝ սկզբից հայտարարելով, որ նոր խորհրդարանական Սահմանադրությամբ չի դառնա վարչապետ, հետո հանկարծ որոշելով խաղալ «հայկական Պուտին»: Արդյոք դա հենց Մոսկվայի խորհրդո՞վ չէր: Դա հարիր չէ հին զինվորականին: Եվ երբ ցույցերին միացան զինվորականները, մենք լսեցինք հիանալի խոսքեր. «Ես սխալվել եմ», մի մարդու խոսքեր, որը նախկինում հաղթել է Ղարաբաղում: Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, «մայդան» չէ, այլ սահմանադրական հեղափոխություն՝ հենված քաղաքացիների վրա: Սա «վերնախավերի պառակտում չէ», ինչպես որ եղավ Ուկրաինայում 2004թ., ընդհակառակը՝ այստեղ սահմանադրորեն հեռացան պառակտման ռիսկից: Ընդդիմությունը եւ Սարգսյանը միասին բացառում էին ուժային հանգուցալուծումը. գլխավոր տարբերությունը 2014թ. կիեւյան արյունալի մայդանից: Հայաստանում քաղաքական մշակույթը տարբերվում է ե՛ւ ռուսականից, ե՛՛ ուկրաինականից: Այստեղ միշտ ընթացել են հարգալից քաղաքական բանավեճեր եւ փողոցներում հանրահավաքներ… Ճգնաժամի պահին Հայաստանում աշխատում էր նրա ամբողջ սահմանադրական համակարգը. դրանից ոչ մեկն այսօր Ռուսաստանում չի գործում: Իհարկե, Երեւանում ապագայի ոչ մի կառավարություն երես չի թեքի Մոսկվայից»: Հեղինակն այսպես էր ամփոփել հոդվածը՝ «Ռուսաստանը կկլանի Երեւանի դասը, այլապես կկորցնի Հայաստանը։ Բայց նրա ռազմավարական մեկուսացումը կխորանա։ Հետխորհրդային աշխարհում Մոսկվան վերջին քաղաքական դմբոն է, որը չի սովորել ճգնաժամը հաղթահարել սահմանադրական ճանապարհով»։

«Առավոտ» 2.05.2018

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031