ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը
Հարգելի հայրենակիցներ,
վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:
Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը:
Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից:
Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող տևական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների և մեր քաղաքացիների կողմից:
Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին և հատկապես երիտասարդությանը ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն և հանդուրժողականություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ և ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ