Գյումրիում մեծ թվով ցուցարարներ Վարդանանց հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի կայարան` Հարավկովկասյան երկաթուղու տնօրինությանը ամոթանք տալով, որ չեն թույլատրել մասնակցելու ցույցերին:
Գնացքների մեքենավարները մեզ տեղեկացրեցին, որ ոչ մի ուղղությամբ գնացք չի աշխատում, իրենք գործադուլ են հայտարարել, այլևս ի վիճակի չեն ապրել ռեժիմի տակ, երջանիկ Հայաստան են ուզում:
Հարցին` դուք ռուսական հիմնարկի աշխատակից չեք, մեքենավարները ասացին` մենք ՀՀ քաղաքացիներ ենք, ապրում ենք ՀՀ օրենքներով:
Ցուցարարները հայտարարեցին, որ իրենց են միացել նաև վարսավիրները, տոնավաճառների աշխատակիցները ևս գործադուլ են հայտարարել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ. Գ. Գյումրի-Երևան գնացքն այսօր չի գործում։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տեղեկատուից՝ նշելով, որ ցուցարարները փակել են երկաթուղին։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության խոսնակ Վարդան Ալոյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հանրապետության տարբեր տարածքներում՝ հատկապես քաղաքներում և քաղաքների մերձակայքում, այդ թվում՝ Գյումրիում ցուցարարները փակել են գնացքների ճանապարհները։
Ալոյանը նշեց, որ դեռևս պարզ չէ՝ այսօր երեկոյան կգործի՞ Երևան-Թբիլիսի երթուղին, թե՞՝ ոչ։
Ալոյանը նշեց, որ իրենց աշխատողները գործադուլ չեն արել, պարզապես որոշ աշխատակիցներ փակ ճանապարհների պատճառով աշխատանքի չեն կարողացել հասնել։