Նախորդ չորեքշաբթի Բրյուսելում կայացած դոնորների համաժողովի պատվիրակները նվիրաբերել են 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար՝ պատերազմի հետևանքով տեղահանված սիրիացիներին և տարածաշրջանում նրանց հյուրընկալող երկրներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Եվս 3,4 միլիարդ ԱՄՆ դոլար հատկացվել է 2019 և 2020 թվականների համար: 2018 թվականի համար հավաքագրված գումարը չհասավ 7-ից 8 միլիարդ ԱՄՆ դոլարի, որն ըստ ՄԱԿ-ի անհրաժեշտ էր 5,6 միլիոն սիրիացի փախստականներին և Սիրիայում գտնվող 13 միլիոն կարիքավոր անձանց աջակցելու համար: Նվիրաբերություն է կատարել 36 երկիր, այդ թվում Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան:
Ինչպես հայտնեց ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակներում օգնության համակարգող Մարկ Լոուկոկը մամուլի ասուլիսի ընթացքում, ԱՄՆ-ը դեռևս չի կատարել նվիրաբերություն: «Կատարյալ աշխարհում մենք կցանկանայինք հավաքագրել նույնիսկ ավելի մեծ գումար և մենք դեռ ակնկալում ենք այս տարի ստանալ լրացուցիչ ֆինանսավորում”, ասաց նա: ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին համաժողովին ներկա երկրներին կոչ արեց ընդլայնել վերաբնակեցման ծրագրերը սիրիացի փախստականների համար: “Մենք պետք է շարունակենք նախանշած ուղղությունը և ցուցաբերենք շարունակական աջակցություն և համերաշխություն Սիրիայի ժողովրդին, ինչպես նաև նրանց ընդունող համայնքներին», ասաց նա:
Մամուլի հաղորդագրություն