ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կասկածում, որ 7 օր հետո էլ ՀՀԿ-ն դարձյալ «դեմ» է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը եւ մինչեւ 45 օր հետո պիտի կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, որ իր դիտարկումներով, այս տարբերակով ՀՀԿ-ն «չի գնա հիմնահատակ փչացած անվան տակ»:
Նրա գնահատմամբ, արտահերթ ընտրություններում «տարբեր տերեր, ովքեր պատրաստ են ֆինանս ներդնել» կփորձեն ՀՀԿ-ի համար այլ` չվարկաբեկված բրենդ ստեղծել, վերցնելով իրենց կարծիքով՝ չվարկաբեկված մի քանի կերպարների: «Իրենց համար կա մեկ գերխնդիր՝ գնալ ընտրությունների՝ ունենալով այս ընտրական օրենսգիրքը, ունենալով ընտրությունները կեղծող բոլոր կառույցները»,- վստահ է Նաիրա Զոհրաբյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը միաժամանակ կարծում է, որ ՀՀԿ-ն այլեւս գոյություն չունի. «Ցանկացած քայլ՝ այս կամ այն կերպ երկարաձգելու սեփական գոյությունը, դատապարտված է ձախողման, նույնիսկ եթե բոլոր լծակները լինեն ՀՀԿ-ի ձեռքում: Հաջորդ ընտրությունները լինելու են ՀՀԿ-ի վերջնական վախճանը»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Տիկին Զոհրաբյանը չի բացառում, որ ՀՀԿ-ականները կփորձեն նորից ընտրակաշառք բաժանել: Սակայն, ըստ նրա, դա այլեւս ազդեցություն չի ունենա, քանի որ «երկրում հոգեբանություն է փոխվել, և նրանք, ովքեր կվերցնեն ընտրակաշառք, մեծ թիվ չեն կազմի»:
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀՀԿ-ականները միտումնավոր տապալեցին խորհրդարանի նիստը. «Վստահ եղեք, որ եթե այսօր էլ լիներ նպատակ լցնել դահլիճը, ապա ինչպես ամսի 17-ին բերման ենթարկեցին՝ լցնելով դահլիճը, այսօր էլ կարող էին քվորում ապահովել: Իրենք խուսափում են հնարավոր դեբատներից, առճակատումներից, կրքերի լարումից»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ