Քիչ առաջ խորհրդարանում միջադեպ տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջեւ: Նաիրա Զոհրաբյանը տեսնելով Շուշան Պետրոսյանին`վիրավորական արտահայտություններ արեց նրա հասցեին`ասելով. «Եթե դու մեկ էլ կփորձես իմ կամ իմ խմբակցության անդամներից մեկի ելույթի ժամանակ ռեպլիկ թողես կամ ինչ-որ բան անես`կտեսնես»:
Շուշան Պետրոսյանն այդ ժամանակ, անակնկալի եկած, նայում էր: Հետո ասաց որ ինքը ոչինչ չի ասել եւ չցանկացավ մեկնաբանել կատարվածը: Նաիրա Զոհրաբյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանություններից: Ասաց`ես արդեն ասացի այն, ինչ ասացի:
Ներկաները մեզ պատմեցին, որ երեկ կայացած նիստի ժամանակ, Շուշան Պետրոսյանը դահլիճում ռեպլիկներ էր նետում Նաիրա Զոհրաբյանի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ելույթների ժամանակ: Մասնավորաբար, Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ հեգնել է. «Էլ ով խոսեր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ