«Ձեր բողոքն եք արտահայտում, բայց ոչ այս ձեւով, սա օրենքի խախտում է, սա արգելված վայր է, մեքենայի համար նախատեսված չէ»,- Արդարադատության, կրթության, գիտության եւ սփյուռքի նախարարությունների շենքերի մուտքերը մեքենաներով փակած փաստաբաններին դիմեց ոստիկանը:

A car blocked the entrance of the RA Ministry of Culture demanding the rulling Republican Party of Armenia (HHK) to transfer the power in Armenia
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ պարզաբանեց. «Ճանապարհային երթեւեկության օրենքը չի նախատեսել նման վայրում չկայանելու դրույթ… Տրանսպորտային միջոց չես կարող կայանել որոշ տեղեր՝ կամուրջի տակ եւ այլն, կլինի վարչական վարույթ: Օրենքով կհիմնավորեմ, որ օրենքն ընդունող արդարադատության նախարարության նախաձեռնող խումբը, որ երեկ ԱԺ-ում կոճակ սեղմեց, մերժեց, որ մեր պետությունում համերաշխություն լինի, չեն նախատեսել այս օրենքով… Օրենք չկա, որը չթույլատրի մեքենայի կայանելը»:
Փաստաբանը ոստիկանին բացատրեց՝ դիմադրության իրավունք է նախատեսված Սահմանադրությամբ. «Սա սահմանադրական իրավունքի մեջ ներառվող գործողություն է»:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանակ տվեց փաստաբաններին հանել մեքենան. «Սա հանելու եմ, խնդրում եմ ձեզ հանել, չեք հանի, տեխնիկան բերեք, շատ արագ հանեք: Սա խուլիգանություն է, սա լկտիություն է, սա մեքենայի ճանապարհ չէ»:
«Դուք իրավունք ունե՞ք սա խուլիգանություն որակել, դուք վիրավորում եք, վիրավորանքը պատասխանատվություն է նախատեսում, գիտեք ինչ տուգանք է նախատեսվում»,- փոխոստիկանապետին դիմեց Բաղդասարյանը:
«Բառախաղերի հետեւից մի ընկեք»,- խորհուրդ տվեց Վալերի Օսիպյանը: Ամեն դեպքում, ոստիկանները հեռացրին մուտքը փակած մեքենաները:
Իսկ ցուցարարները հայտարարեցին, որ իրենք իրենցով կփակեն մուտքերը: Վալերի Օսիպյանը լրագրողներին հայտնեց, որ դեպքի վայր է եկել նախարարության աշխատակիցների ահազանգով, սահմանափակվել է նախարարության աշխատակիցների տեղաշարժը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ