«Մի պահ բացեք, փակեք, թող շարժը տեղի ունենա»,- Ամիրյան փողոցը նստացույցով փակած ցուցարարներին դիմեց մի ոստիկան: Բայց ցուցարարները պնդեցին, որ նոր են նստել ու հանգստանում են:
«Արդեն տեւական ժամանակ է փակել եք, եկեք իրար մարդկայնորեն հասկանանք: Այս պահի դրությամբ դուք իրավախախտում եք անում»,- շարունակեց ոստիկանը:
Իսկ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին ցուցարարների նոր բանակ քիչ առաջ միացավ՝ Փարաքարի միջնակարգ դպրոցի ուսուցիչները:
«Երեխաներ դպրոցում չկան, առաջին օրվանից դպրոց չեն եկել, եկանք, միացանք մեր երեխաներին: Բոլորն այստեղ են՝ ամբողջ կոլեկտիվով, բռնի եկածի տպավորություն կա՞, մենք մեր ժողովրդի հետ ենք»,- ասաց մի ուսուցչուհի:
«Մենք պատրաստ ենք աշխատել, լրացնել այս օրերի բացը»,- հավելեց մեկ այլ ուսուցչուհի:
Դիտարկմանը, թե երեկ ԱԺ-ում քննադատում էին դպրոցահասակների՝ ցույցերին մասնակցելու հանգամանքը, նույն դպրոցի մի ուսուցչուհի հակադարձեց. «Բա ոնց էր այն ժամանակ, որ չէինք ուզում, զոռով խմբերով նստեցնում էին, ուղարկում էին քարոզարշավի, որ դրոշակ թափ տանք աշակերտներով: Քանի անգամ Արմավիրի մարզ են տարել: Ոնց էին տանում, այն ժամանակ աշակե՞րտ չէին: Այ էն ժամանակ չէինք կարող չգնալ, կազատեին աշխատանքից, ստիպված էինք գնում, ընտանիք ենք պահում»:
Մեկ այլ դիտարկմանը, թե բա վտանգավոր չէ անչափահասների համար ցույցերին մասնակցել, մեկ այլ ուսուցչուհի ասաց՝ եթե ոստիկանությունը չկոտորի, ոչ մի վտանգ չկա. «Այսքան միասնական ժողովուրդը մեկ էլ 88-ին է եղել, ինչն է վտանգավոր, երեխաները մեր ապագան են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ