Վաղ առավոտից փակ են Նորագավիթ, Այնթափ, Գործարանային մետրոյի հարեւանությամբ գտնվող փողոցները: Այս հատվածում ցուցարարները եւս մեծ թիվ են կազմում:
«ՀՀԿ-ի ջարդն արդեն եկել է, բայց դեռ չեն հասկանում»,- իրար հետ զրուցում էին ցուցարարները:
Աշակերտների ու ուսանողների մի մեծ զանգված էլ փակել է Աբովյան-Կորյուն խաչմերուկը: Վարորդները փորձում են ճեղքել ցուցարարների պատնեշը, մի վարորդ էլ ասաց՝ «դեմ չեմ ձեզ, թողեք տուն գնամ, իմանամ՝ քանի ժամ եմ այստեղ կանգնելու, կանգնեմ, բայց չեք ասում»: Ցուցարարներից մեկն էլ հորդորեց՝ եթե տուն ես ուզում գնալ, ոտքով գնա:
Այսօր վաղ առավոտից մի շարք բուհերի ուսանողներ երթ են սկսել, այս պահին երթի մասնակիցները կանգ են առել Բժշկական համալսարանի դիմաց:
«Որոշել էինք Իսահակյան-Աբովյան խաչմերուկը փակել, բայց եկանք՝ արդեն փակ էր, քանի որ ճանապարհները փակված են, ուսանողները միանում են, իրավիճակը հասկանալով՝ կորոշենք կամ երթ կանենք, կամ կմնանք այստեղ: Առանձին համալսարաններում միջոցառումներ կան»,- «Ազատությանն» ասաց ուսանողական շարժման համակարգող Դավիթ Պետրոսյանը:
Փակ է նաեւ քաղաքապետարանի շենքի դիմաց, այստեղ մի վարորդ «տղայավարի» խնդրում էր ցուցարարներին թույլ տալ անցնել, բայց ցուցարար մի կին դիտողություն արեց, թե դա ինչ խոսելու ձեւ է ու հորդորեց մեքենայից իջնել ու կանգնել իրենց հետ:
«Ես իմ երեխուն պիտի տանեի հիվանդանոց, թոքաբորբ է, բայց կնկաս զանգել եմ՝ ասել եմ նստի, տաքսի տար, ես չեմ գնացել: Ով է ուզում մեզ օգնի: Մեր հե՞տ եք, իջեք, մեր հետ փողոց փակեք»,- վարորդներին ասաց մի ցուցարար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պ,Փաշինեանը պէտք է հասկցնէ իրեններուն որ կան պարագաներ երբ իրենց անտեղի փակումները հակառակ արդիւնք կրնան տալ ի վերջոյ – Մեծ իմաստութիւն չի պահանջեր հասկնալու համար թէ ով տուն կամ հիւանդանոց պէտք է մտնէ ով ոչ ;