Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ: Փաշինյանի օգտին են քվեարկել 45 կողմ, եւ 55 դեմ պատգամավորներ: Այս քվեարկությունից հետո Փաշինյանը կրկին գնաց Հանրապետության հրապարակ, որտեղ նրան սպասում էին բազմահազարանոց ցուցարարներ՝ ընդդեմ ՀՀԿ-ի:
Հայտարարվեց, որ վաղը կրկին շարունակվելու են քաղաքացիական անհնազանդության գործողությունները: «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց շրջափակել փողոցները, մետրոն, օդանավակայանը, երկաթուղին, նաեւ դասադուլի եւ գործադուլի կոչեր արեց:
Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն ասում է, որ հույս ուներ, թե փոխզիջումային տարբերակ կգտնվի, որովհետեւ նորից անհնազանդության գործողությունները կարող են առճակատումն ավելի խորացնել: «Ամեն դեպքում, քաղաքական ուժերը չկարողացան շփման եզրեր գտնել: Իշխանության եւ ընդդիմության քաղաքական երկխոսությունը, որը պետք է վերաբերեր իրավիճակից դուրս գալուն, ըստ էության, վերածվեց փոխադարձ մեղադրանքների: Ես հույս էի հայտնել, որ այդ քաղաքական էլիտան զգալի թռիչք է ապրում, եւ հնարավոր է, որ եւ ընդդիմությունը եւ իշխանությունը նեղ հատվածական շահերը կդնեին մի կողմ եւ որոշակի համաձայնության կգային»,-ասում է Քեռյանը:
Նրա կարծիքով՝ կարող էր լիներ փոխզիջումային տարբերակ, որը կապահովեր երկկողմանի վերահսկողությունը խորհրդարանական ապագա ընտրությունների նկատմամբ եւ ժամանակավորապես վարչապետի հաստատման հարցը կհետաձգվեր՝ մինչեւ ընտրությունները վերահսկողական լուրջ լծակներ տալով ընդդիմությանը. «Երկխոսություն չեղավ»:
Aravot.am-ի այն հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Հանրապետական իշխանությունը, որը մշտապես պնդում է, թե պետականամետ է, ժողովրդի կողմից ընտրված, արհամարհեց ժողովրդի պահանջն ու խնդրանքը եւ չառաջնորդվեց պետականամետ շահերով, որովհետեւ այս քվեարկության արդյունքում քաղաքական ճգնաժամը շարունակվելու է, Քեռյանը պատասխանեց. «Իհարկե, կարելի է ինչ-որ առումով Հանրապետականի այս պահվածքը քննադատել, որովհետեւ պարզ գիտակցելով ինչ անկայուն իրավիճակ կարող է ստեղծվել, Հանրապետականը գնաց բացահայտ առճակատման: Նույն Հանրապետականը մեղադրում է ընդդիմությանը՝ ոչ պետականամետ քայլերի համար, ընդդիմությունը՝ հանրապետականին:
Ստեղծվել է մի ճգնաժամային իրավիճակ, որի շուրջ քաղաքական ուժերը չեն կարողանում ընդհանուր մի բան գտնել: Այսօրվա քվեարկությունը սրեց քաղաքական ճգնաժամը: Երբ Փաշինյանն ասում էր, որ այստեղ ոչ թե վարչապետի ընտրությունն է, այլ՝ ճգնաժամը հանգուցալուծելու, նա իրավացի էր: Այսօրվա քվեարկությունը պետք է դուրս բերեր ճգնաժամից: Բայց այն խորացրեց, սա արդեն փաստ է»:
Մեկ շաբաթից ԱԺ-ում կրկին ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկություն է լինելու, այս անգամ թեկնածու պետք է առաջադրվի 35 + պատգամավորի կողմից, ընտրվելու համար հարկավոր է 53 ձայն:
Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ սցենարներ կարող են լինել առաջիկա այդ ընտրություններին, Քեռյանը, պատասխանեց. «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն «Ելքը» միասին 40 ձայնից ավելին են, կարող են միասին առաջադրել: Բայց ինտրիգն այն է, որ դժվար թե ընդդիմությունը 2-րդ անգամ մասնակցի ԱԺ նիստին, նորից թեկնածու առաջադրի: Իսկ եթե ՀՀԿ մեծամասնությունը օգտագործի եւ չընտրի, ԱԺ-ն լուծարվի ու ԱԺ արտահերթ ընտրություններ լինեն, այդ ժամանակ քաղաքական պայքարը կծավալվի ընտրատեղամասերի շուրջ՝ ընտրական գործընթացը բոյկոտելու շուրջ: Սա արդեն կերկարաձգի քաղաքական ճգնաժամը՝ առավելագույնը 3 ամսով»:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններում էլ ավելի շատ քաղաքական կուսակցությունների պայքար կարող է լինել, սակայն խնդիրը ընտրական օրենսգիրքն է: Քեռյանն ասում է՝ նոր ընտրություններն, անշուշտ, կբերեն քաղաքական սպեկտորի ավելի լայն տեսականու մասնակցության, հնարավոր է տեղաշարժեր լինեն. «Հնարավոր է «Ելքի» պատգամավորների թիվն ավելանա, ՀՀԿ-ինը՝ քչանա, կամ որոշակի համամասնություն լինի «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի կազմում, քանի որ ընդդիմության կողքը կանգնելով իրենց վարկանիշը փորձեցին բարձրացնել: Բայց խնդիրը ընտրական օրենսգիրքն է, ու գործընթացը»:
Քեռյանը նկատում է՝ եթե ընտրություններն անցկացնեն այն գործադիր իշխանությունն ու ԿԸՀ-ն, որտեղ իշխող ուժն է գերակշռում, եւ եթե անցկացվեն այն ընտրական օրենսգրքով, որը ռեյտինգային ընտրակարգ է նախատեսում, այս պարագայում կասկածելի է խորհրդարանի կազմի որակական ցուցանիշը. «Այդ օրենսգիրքը չարիքի մեխն է, որը այնպիսի խառնաշփոթ ստեղծեց, որ մենք 2017-ից հետո չկարողացանք քաղաքական ուժերի ճշմարիտ պատկերը ստանալ, որն իրականում կար: Եթե ռեյտինգային ընտրակարգով անցկացվի ընտրությունը, քաղաքական ճգնաժամը հնարավոր չէ լուծել:
Ընդդիմությունը սա գիտակցում է: Փաշինյանի վարչապետության շուրջ այդպիսի սուր պայքար ծավալելն ու չզիջելը, դրա արտացոլանքն է: Խնդիրը Փաշինյանով չէ պայմանավորված, խնդիրը՝ ԿԸՀ-ի եւ ընտրությունները կազմակերպող մարմիների աշխատանքի վերահսկողությունն եւ ընտրական օրենսգրքի փոփոխությունն է: Եթե ընդդիմությունը սրանց վրա չեն կենտրոնանար, ապա հանգիստ 7 օր հետո կմասնակցեր ընտրություններին ու եթե նորից չընտրվեր, բոլորը հանգիստ կգնային արտահերթ ընտրությունների: Ընդդիմությունն ուզում է լծակներ ձեռք բերի՝ նոր գնա ընտրությունների, իշխանությունն էլ ուզում է լծակները պահպանել՝ նոր գնա ընտրությունների»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ