2018թ. ապրիլի 12-ին ադրբեջանական զինուժը Բաղանիս գյուղի տարածքում, Ոսկեպար-Բաղանիս սահմանագոտով ձգվող ճանապարհին գնդակոծել է «Սպայկա» ընկերության բեռնատարը: Այն վնասվել է, բարեբախտաբար, վարորդը չի տուժել: 2015թ. նոյեմբերի 5-ին նույն տեղում ադրբեջանական գնդակոծությունից վնասվեց ռուսական մեծ բեռնատար:
Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի դեմ-դիմաց, Ջողազի ափին, ադրբեջանցիները Ղազախի շրջանի սահմանամերձ Մազամ գյուղի մուտքին, Մազամ եւ Ղուշչի –Այրում գյուղեր տանող ավտոճանապարհին 2015 թվականին քարե երկար պատ են կառուցել:
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհի մի հատված գտնվում է սահմանի անմիջական հարեւանությամբ, ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց: Այդ տեղանքում ադրբեջանական հենակետերը շատ մոտ են մեր պաշտպանական դիրքերին եւ միջպետական ավտոճանապարհին: Ճանապարհի տվյալ հատվածը պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից:
Միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ադրբեջանական հենակետերի կրակից, ազերի զինյալների տեսանելիությունից պաշտպանելու համար հարկավոր է արագ աճող բարդիներ տնկել, ճանապարհի եզրին քարաբեկորներից պատ շարել կամ հողի, խճի կույտերից թմբեր կառուցել: 1990-ական թվականներին նշված հատվածում հողի թմբեր էին սարքված:
2017թ. նոյեմբերի 16-ին գրավոր հարցում ենք ուղարկել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, նրան հարցնելով` նախատեսվո՞ւմ է միջպետական ավտոճանապարհի սահմանամերձ, Ոսկեպար-Բաղանիս հատվածում արագ աճող բարդիներ տնկել, քարե պատ կառուցել կամ հողաթմբեր սարքել, որպեսզի մեքենաների երթեւեկը ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշտպանված լինի:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի պատասխանում ասված է. «Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վտանգավոր տեղամասերը ուսումնասիրվել են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ համապատասխան նախագծային կազմակերպությունների կողմից: 2017թ. պետական բյուջեի միջոցներով կամ այլ ծրագրերով Մ16-Բաղանիս-Մ-16 միջպետական նշանակության Ոսկեպար-Բաղանիս հատվածում անվտանգության ապահովման միջոցառումների (հենապատի, գաբիոնի, վտանգավոր հատվածների քողարկման տարրերի տեղադրում, այլընտրանքային ճանապարհահատվածների կառուցում) իրականացում մարզպետարանի ունեցած տեղեկատվությամբ նախատեսված չէ»:
2015թ. դեկտեմբերի 31-ին Ս. Սարգսյանը տարեմուտի առթիվ այցելել էր Տավուշի Բերդավան գյուղի մարտական դիրքեր Այդ ժամանակ Ս. Սարգսյանի անվտանգությունն ապահովելու համար մարզպետ Հովիկ Աբովյանը Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին՝ Բաղանիս գյուղի վարչական տարածքում, ֆելզիտե մեծ քարե սալիկներ է տեղադրել: Դրանք շրջանցիկ ավտոճանապարհը պաշտպանում են ադրբեջանական հենակետերի գնդակոծությունից: Սահմանագոտով ձգվող հիմնական ավտոճանապարհը ադրբեջանական գնդակոծության համար խոցելի է:
Սահմանագոտու վտանգավոր հատվածում երթեւեկի անվտանգության ապահովման համար ե՞րբ միջոցներ կձեռնարկվեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ