«ՀՀԿ-ականները կյանքը տեսնում են, ինչպես «Կովկասի գերուհին» ֆիլմում է ասվում, միայն իրենց ծառայողական ավտոմեքենաների պատուհաններից: Այնքան դուրս չեն եկել մեքենաներից, որ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Հայաստանում»,-Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման այսօրվա հանրահավաքում քիչ առաջ հայտարարեց շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը, հիշեցնենք, այսօր չընտրվեց վարչապետի պաշտոնում:
Դառնալով այն փաստին, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկել իր թեկնածությանը՝ Փաշինյանը ցուցարարներին ասաց. «ՀՀԿ-ական վերնախավին պետք է թողնել հայաստանյան քաղաքական կյանքի լուսանցքում: Անգամ, եթե ՀՀԿ-ական պատգմավորների տեսնեք, չնկատելու կտաք նրանց գոյությունը, որովհետեւ նրանք բարոյապես այլեւս գոյություն չունեն ՀՀ-ում»:
Ապա` Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդի թեկնածուն պետք է ընտրվի ՀՀ վարչապետ, որովհետեւ դա է ժողովրդի պահանջը. «Դա է ժողովրդի հաղթանակն արձանագրելու ճանապարհը»:
Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին խնդրեց բուռն ծափերով ողջունել «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորներին, ՀՅԴ-ի՝ կողմ քվեարկած պատգամավորներին, եւ ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր ընտրված, սակայն անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանին, որը եւս կողմ է քվեարկել:
«Գեներալ Ֆելիքս Ցոլակյանն իր անունը ոսկե տառերով գրեց ժողովրդի սրտերում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ