«Մեր այս պայքարը չի կարող չպսակվել հաղթանակով: Վաղվա անհնազանդության գործողությունների արդյունքում որեւէ քաղաքացուց ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի լինելու, քանի որ անհնազանդության գործողություններին չմասնակցողներին կարելի է երկու ձեռքի մատների վրա հաշվել՝ Սերժ Սարգսյան, Վահրամ Բաղդասարյան, Ռոբերտ Քոչարյան, Արա Բաբլոյան…մնացածը մասնակցում են քաղաքացիական անհնազանդության գործողություններին»,- Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման այսօրվա հանրահավաքում քիչ առաջ հայտարարեց շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը, հիշեցնենք, այսօր չընտրվեց վարչապետի պաշտոնում:
Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ հայի անունն այսուհետեւ նույնացվելու է հաղթանակի, սիրո, հանդուրժողականության հետ. «Մենք հպարտ ենք, որ հայ ենք եւ ՀՀ քաղաքացի, որ մեր երակներում հոսում է Տիգրան Մեծի եւ Մաշտոցի արյունը: Բայց մեր սերունդները հպարտ են լինելու, որ նրանց երակներում հոսելու է ձեր արյունը: Մենք, որպես հավաքականություն, գերազանցել ենք մեր բոլոր հերոս-նախնիներին, եւ գերազանցելու ենք շարունակաբար»:
Փաշինյանը հավելեց. «Սա հայ ժողովրդի աստղային ժամն է, որը չի կարող մթագնվել որեւէ միջադեպով: Մեր պայքարը խաղաղ է»:
Հիշեցնենք, որ վաղը վերսկսվում են խաղաղ անհնազանդության գործողությունները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ