Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման այսօրվա հանրահավաքում շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը, հիշեցնենք, այսօր չընտրվեց վարչապետի պաշտոնում, քիչ առաջ հայտարարեց, որ վաղվանից սկսում են խաղաղ անհնազանդության գործողությունները.
«ՀՀԿ-ի այսօրվա գործողությանն արձագանքելու ենք շատ արագ: Վաղը ողջ հանրապետությունում հայտարարվում է գործադուլ եւ դասադուլ: 08:15-ից շրջափակվում ենք բոլոր փողոցները, մետրոն, օդանավակայանը, երկաթուղիները: Ամեն ինչ, ինչ հնարավոր է, շրջափակում ենք»:
Նա ցուցարարներին կոչ արեց դուրս գալ փողոց եւ պահանջել, որ ժողովրդի թեկնածուն նշանակվի ՀՀ վարչապետ եւ տեղի ունենա իշխանության անցնցում փոխանցում. «Իսկ վաղը ժամը յոթին Հանրապետության հրապարակում սպասվում է հանրահավաք: Շարունակելու ենք նաեւ «ՀՀԿ-ին դեմ ես՝ սիգնալ տուր» ակցիան»: Ապա` Փաշինյանը կոչ հղեց ոստիկանությանը. «Մի կողմ թողեք ձեւականությունները, ցած դրեք վահանները եւ խառնվեք ցուցարար-ժողովրդին»:
Փաշինյանը հավելեց, որ խոնարհվում է ցուցարարների առաջ. «Ուրիշ բան ասեմ՝ որքան երկարում է այս գործընթացը,այնքան հայ ժողովուրդն առանձնանում է աշխարհի ազգերի մեջ: Շուտով ՀՀ-ն եւ ՀՀ քաղաքացին կդառնան միջազգային հանրության իդեալը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ