«ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը գերազանցեց Գալուստ Սահակյանի բոլոր ռեկորդները: Երբ ՀՀԿ անդամն իրեն թույլ է տալիս բովանդակությունից զուրկ ելույթ, դա ես մեկ անգամ արձանագրում է, որ ՀՀԿ-ն չի տիրապետում իրավիճակին»,-Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման այսօրվա հանրահավաքում անդրադառնալով այսօր ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանի ելույթին՝ ասաց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում:
«Նրա խոսքում, եւ ոչ միայն նրա, ասում են՝ «եթե մի կաթիլ արյուն թափվի, ո՞նց ենք դրա տակից դուրս գալու»: Եվս մեկ անգամ նրանց հիշեցնեմ, որ այս շարժումը խաղաղության շարժում է, որը բացառում է որեւէ արյունահեղություն»,-ասաց նա:
Ցուցարարներին դիմեց նաեւ երգչուհի Իվետա Մուկուչյանը. «Ձեր աչքերում տեսնում եմ հույս, ցավ եւ միասնություն: Միշտ միասին եղեք, հային չի կարելի թերագնահատել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ