Խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Ասաց. «Հրապարակում»:
Լրագրողների հարցերին չէին պատասխանում ոչ ընդդիմադիր, ոչ էլ քաղաքական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Լրագրողները հարցնում էին`սա՞ է ճգնաժամը հանգուցալուծելու իրենց տարբերակը, վատ չեն զգո՞ւմ, որ ժողովրդին դեմ են գնում, մտավախություն չունե՞ն, որ ավելի շատ մարդ փողոց դուրս կգա եւ այլն: «Ես ընդհանրապես ոչ մի բանում վատ չեմ զգում»,- ասաց Գալուստ Սահակյանը: Սամվել Ֆարմանյանն էլ ասաց. «Ամեն ինչ իր ժամանակին»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց. «Քվեարկությունն արդյունք չտվեց, լարվածությունը պահպանվում է»: Նա կարծում է, որ այս լարվածությունը կպահպանվի մինչեւ երկրորդ փուլ: ՀՅԴ-ականները հրապարակ այսօր չեն գնա, իրենց դիրքորոշումը խորհրդարանում հայտնեցին: Իրենց սկզբունքը մնում է նույնը`համախոհության միջոցով հասնել ընդհանուր հայտարարի: Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հաջորդ անգամ`յոթ օր հետո հարցի քննարկման ժամանակ նույնպես մեկ թեկնածու լինի: Իր համար էական չէ այդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանը կլինի, թե՞ մեկ ուրիշը: Կարեւորը`համախոհությամբ ընտրվի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ որոշակի հույսեր կային, որ ՀՀԿ-ի ներսում կգտնվեին խոհեմ մարդիկ, ովքեր սեփական ժողովրդին պատերազմ չէին հայտարարի. «Մենք ընդունում ենք, որ մենք նրանց մասին ավելի լավ ենք մտածել, քան՝ իրենք կան իրականում»:
Նա նաեւ հայտարարեց, որ իրենք միշտ պատրաստ են արտահերթ ընտրությունների:
Այլ մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ