Հիմա հարյուր հազարավոր մարդիկ հավաքված են դրսում, ի՞նչ եք անելու:
ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելուն դեմ քվեարկելուց հետո լրագրողների այս հարցին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Անիմաստ հարցեր եք տալիս»:
Հարցին՝ ի՞նչն է իմաստով, ձեր քվեարկությո՞ւնը, Գալուստ Սահակյանը չպատասխանեց:
Նա ասաց, որ ամեն ինչ հետագայում պարզ կլինի: Հարցին՝ ժողովուրդը կարող է հետո էլ դուրս գալ փողոց, կրկին պայքարել, դրանից չե՞ք վախենում՝ նա պատասխանեց. «Հետագայում կխոսենք»:
Դիտարկմանը, որ ժողովուրդը ցանկանում էր հենց Նիկոլ Փաշինյանին տեսնել վարչապետ, ինչո՞ւ ժողովրդի ուզածով չարեցիք, ի՞նչը ձեզ ստիպեց դեմ քվեարկել՝ Գալուստ Սահակյանն արդարացավ. «Ժողովուրդը ինձ երբեք որևէ բան չի ասել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ