Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ»

Մայիս 01,2018 21:03

Բոլոր ելույթներից հետո ամփոփիչ ելույթով հանդես եկավ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա ողջունեց վաղ առավոտից Հանրապետության հրապարակում կանգնած քաղաքացիներին, խնդրեց սպասել, մինչեւ ինքը եւս հասնի հրապարակ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ ամբիոնից իրեն շատ են մեղադրել, թե սպառնում է ոչնչացնել ՀՀԿ-ին: «Որեւէ այդպիսի մտադրություն չունեմ, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ խմբակցությունն իրեն ոչնչացրեց անշրջելիորեն, իսկ սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, դահլիճում ՀՀԿ-ի ուրվականն է. «ՀՀԿ-ի ներկայացուցիչներն իրենց գոյություն չունեցող կուսակցության տեսիլքը պահպանելու համար անցել են հակապետական հռետորիկայի, փորձելով մեր շարժման աշխարհաքաղաքական բնույթի մասին հայտարարություններ ուղարկել տարբեր տեղեր»:

Նրա խոսքով ՀՀԿ-ն փորձում է այնպես անել, որ բարեկամ երկրների մեջ թշնամանք առաջանա. «Ովքեր հայտարարում են, որ այս ամենի մեջ մութ ուժերի սցենար կա, ուրեմն կտրված են սեփական ժողովրդից, սա ցույց է տալիս, որ այս խմբակցությունը կտրել է իր բոլոր կապերը ժողովրդի հետ…Ոչ մի պայթյունավտանգ իրավիճակ գոյություն չունի, քանի որ Հայաստանում չկա ուժերի որոշակի հարաբերակցություն, կա ժողովուրդ մի կողմից, եւ ՀՀԿ-ական քսան-քսանհինգ պատգամավոր մյուս կողմից եւ ՀՀԿ-ական վերնախավ, որ ուզում է ապացուցել, որ միասնական են»:

Նիկոլ Փաշինյանն անհատապես դիմեց ՀՀԿ-ական պատգամավորների ասելով , որ դեռ կարող են չանցնել ինքնաոչնչացման սահմանը: Ասաց, որ ՀՀԿ-ն ընդամենը ժամանակի վրա է խաղում, եւ չի լինում այնպես, որ ժողովուրդը չհաղթի»:

«Գեւորգ Կոստանյանն ասում է, որ ես կառավարման փորձ չունեմ, Արմեն Աշոտյանն ինձ համեմատում է Նելսոն Մանդելայի հետ: Նելսոն Մանդելան 20-րդ դարի ամենահեղինակավոր գործիչներից մեկն է, որը երկրի նախագահի պաշտոնը ստանձնել է 26 տարի բանտում լինելուց հետո, պատկերացնո՞ւմ եք՝ Հարավային Աֆրիկայում չկար Գեւորգ Կոստանյանի նման մի պատգամավոր, որ ասեր՝ ո՞նց եք երկրի կառավարման ղեկը վստահում 26 տարի դատապարտված եւ կառավարման փորձ չունեցող մարդուն»,-հեգնեց «Իմ քայլը» շարժման առաջնորդը;

Նա շեշտեց, որ իր նպատակը ժամանակավոր կառավարություն ձեւավորելն է եւ քվեարկության արդյունքներով կարող է խորհրդակցությունների շարք սկսել, որը միտված կլինի ճգնաժամի հաղթահարմանը, նորից հիշեցրեց, որ կադրային ջարդ չի լինի. «Մենք շարժման ընթացքում փակել ենք ատելության էջը, սկսվում է նոր փուլ: Խնդիրը ինձ վարչապետ ընտրելը չէ, այլ այն է՝ դուք ուզո՞ւմ եք սեփական ժողովրդի հաղթանակը, թե ոչ: Միեւնույն է՝ այն լինելու է: Կոչ եմ անում միանալ համաժողովրդական զարթոնքին, լինել տոնի համահեղինակը: Էական չէ, թե ով, երբ է միացել համաժողովրդական շարժմանը»:

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո քվեարկություն կայացավ: Իսկ արդյունքը հետեւյալն էր՝ 45 կողմ, 55 դեմ: Որոշումը չընդունվեց: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Հիշեցնենք նաեւ, որ երեք պատգամավոր բացակայում էր: Երկուսը «Ծառուկյան» խմբակցությունից`Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը եւ Գրիգոր Ավալյանը ՀՀԿ-ից:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է բանակցել, եթե բանակցությունները վերաբերվեն իշխանության անցնցում փոխանցմանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031