ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, որ Աղվան Վարդանյանի կատարած քայլը իրենց կուսակցության ավանդույթների դեմ էր, իսկ դաշնակցության դիրքորոշումը անփոփոխ է, քվեարկելու են հօգուտ Նիկոլ Փաշինյանի;
Նրա խոսքով, դրանից կշահի ժողովուրդը եւ երկիրը: Արմեն Ռուստամյանը նաեւ հավելեց, որ դեռեւս Սերժ Սարգսյանի օրոք ՀՅԴ-ն հայտարարել է, որ «նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում»:
Ապա ՀՀԿ-ականներին կոչ արեց. «Ունենք ֆորս մաժորային իրավիճակ, Սերժ Սարգսյանն իր հրաժարականով ապացուցեց, որ վարչապետի պաշտոնի ստանձնումը նեղ հատվածական շահ չի հետապնդում, նույնը պետք ՀՀԿ-ն ապացուցի»:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը խմբակցության անունից ելույթում ասաց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը արտասահմանից վերադառնալով օդանավակայանում ցավով արձանագրում էր, թե ժողովուրդը ինչ ցնծության մեջ էր այդ առիթով:Նրա խոսքով, իշխանությունը պետք է հեռանա, եթե իր սխալի չափն այդքան մեծ է:
Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն միշտ էլ կանգնած է եղել ժողովրդի կողքին, խոսեց նաեւ քաղաքական ու տնտեսական մենաշնորհի մասին: Նա ասաց, որ ավանդաբար Հայաստանում քաղաքական մենաշնորհը բերել է տնտեսական մենաշնորհի:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ ելույթ ունեցավ:
«Դուք ներկայացրիք իրավիճակի հանգուցալուծման ձեր մոտեցումները, ես իմ պատկերացումները: Հասկանալի չէ խոսել ժողովրդավարության մասին եւ վերջնագիր ներկայացնել ընդդիմախոսին»,- ասաց ԱԺ նախագահը՝ հիշեցնելով ազատազրկման վայրում Նիկոլ Փաշինյանի հետ իրենց հանդիպումը:
«Որպես հմուտ քաղաքական գործիչ՝ ինչպե՞ս եք պատկերացնում ձայներ ստանալ առանց երկխոսության… մենք պետք շարունակենք առաջ գնալ քաղաքական բանակցությունների եւ երկխոսությունների ճանապարհով,-ասաց Արա Բաբլոյանը:
ՀՀԿ-ի միասնական դիրքորոշումը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն ընդունել է ժողովրդական շարժման հաղթանակը, համաձայն են հնչող քննադատության հետ, հաշվի են նստել ժողովրդական շարժման հետ, ինչին պատասխանել են Սերժ Սարգսյանի հրաժարականով, բայց ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ