Այսօր ԱԺ-ում իր ելույթում ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանն ասաց, որ յուրաքանչյուր կառավարման համակարգ ունի իր գործունեության մեխանիզմը, հարկադրանքը հակահամակարգային է եւ կործանարար:
Ի հեճուկս բոլոր չկամեցողների, իշխող մեծամասնությունը առավել քան միասնական է, կառավարության գործունեության համար պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որը ձեւավորել է պառլամենտը ու ասել, որ քաղաքական պատասխանատվություն կրում է շարժումը՝ կեղծ կատեգորիա է.
«Կեղծ է այն՝ որպես քաղաքական պատասխանատվության սուբյեկտ դիտարկելը: Քաղաքական ուժերը կողմ են քվեարկում մեկ այլ ուժի թեկնածուին, եթե նրա հետ կազմել են քաղաքական կոալիցիա եւ նրան հավասար ստանձնել քաղաքական պատասխանատվություն, ցանկացած այլ դրսեւորում պատասխանատվությունից խուսափել է»:
Նա ասաց, որ «Ելքի» թեկնածուին ԱԺ երկու խմբակցություններ որոշել են կողմ քվեարկել՝ չունենալով որեւէ կոալիցիոն համաձայնագիր, ինչն անթույլատրելի է. «Քաղաքականության մեջ հաջողության գրավական է քաղաքական ծրագիրը եւ թիմը: Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող մեկ անձով գնալ չգիտեմ ուր, չգիտեմ ոնց, բայց ասել, թե գիտենք ինչի համար ենք գնում»:
«Որպես ՀՀ ԶՈՒ հրամանատարական կազմի պահեստազորի սպա՝ ես եւ իմ զինակից ընկերները կարծում ենք, որ գերագույն հրամանատարի գործառույթ ենթադրող պաշտոնին հավակնելը ենթադրում է ավելին, քան 4,99 եվրո արժողությամբ զինվորական, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ որսորդական շապիկը եւ ռազմագիտություն առարկայից ստացած զինվորական գիտելիքները: Դուք պատերազմի ժամանակ ձեզ պատկերացնո՞ւմ եք գեներալներով շրջապատված ու ձեր ռազմագիտության դպրոցական գիտելիքներով, ես՝ ոչ»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Դիմելով Փաշինյանին՝ Սաղաթելյանն ասաց, որ նա լավ պառլամենտական է ու շատ արագ կարող են կորցնել լավ պատգամավորի, ստանալ ոչինչ՝ վատ վարչապետ:
Նա վստահեցրեց, որ այս ամենը դրսից ուղղորդվող մի վատ սցենարի սկիզբն է միայն:
Փաշինյանն ասել էր, որ Սաղաթելյանը դեզինֆորմացիա է տարածում: Սաղաթելյանն էլ իրեղեն ապացույց էր բերել՝ ՀԺ-ի թերթի արխիվից՝ ապացուցելով, որ Փաշինյանը ունի նման հոդված՝ իր իսկ ստորագրությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ