Հանրապետության հրապարակին հարող փողոցներում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված: Հրապարակին հարող Բյուզանդի եւ Մելիք-Ադամյան փողոցներում բազմաթիվ կարմիր բերետավորներ են ու ոստիկանական մեքենաներ:
ՀՀ ոստիկանությունից Aravot.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այսքան շատ ոստիկանների ներկայությունը նշված փողոցներում, երբ այս օրերին հանրահավաքների ժամանակ հատուկենտ ոստիկաններ էին տեղում լինում, պատասխանեցին. «Միշտ էլ եղել են: Ոստիկանների խնդիրը միշտ նույնն է՝ հասարակական կարգի ապահովություն եւ քաղաքացիների անվտանգություն»:
Հիշեցնենք, որ այս պահին Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է, այնտեղ տեղադրված է մեծ էկրան, որի միջոցով բողոքի ցույցի բազմահազար մարդիկ հետեւում են այս պահին Ազգային ժողովում ընթացող նիստը: Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետի ընտրությունն Ազգային ժողովում, թեկնածուն մեկն է՝ ընդդիմադիր «Ելք» դաշինքից առաջադրված, ընդդեմ ՀՀԿ-ի «Քայլ արա» քաղաքացիական անհնազանդության նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ