«Հանրապետության հրապարակում դրված է մի մեծ էկրան, բոլորը հետեւում են, թե ինչպես եք ձեզ պահում, որովհետեւ Մեղրիից մինչեւ Աշոցք փողոցներում, սրճարաններում նայում են ձեզ, եւ բոլորն ուզում են մի բան, որ քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Այլեւս մի խումբ մարդ չի, այ ձեր ցավը տանեմ, մի խումբ մարդը դուք եք մնացել… Բոլորը նայում են ձեզ, հետո դուք նայելու եք էդ մարդկանց աչքերին: Ձեր կողքին չի լինելու Սերժ Սարգսյանը, ֆրակցիայի ղեկավարը: Դուք իշխանություն չեք, պրծել է: Դուք կարող եք լինել մեր ընդդիմադիր գործընկերներ, եթե ձեզ ճիշտ պահեք: Հետագա դիմադրությունը վնասելու է մեր երկրին ու ժողովրդին»:
Արարատ Միրզոյանը հավելեց. «Չկա այլեւս Սերժ Սարգսյան, նախկին իշխանություն, նրանք սկի ձեր ֆրակցիան չեն վերահսկում, դուք միաձայն չեք քվեարկելու: Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը չընտրվի, յոթ օրից է ընտրվելու: Ընտրություններ լինեն, չեք կարողանալու նախկին ձեւերով ձեր ուզածին անցկացնել: Մենք միեւնույն է՝ հաղթելու ենք: Տակը մնալու է ձեր տված օգուտը կամ վնասը, ձեր անձնական քաղաքական պատասխանատվությունը սերունդների առաջ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ