ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը կարծում է, որ չպետք է որեւէ մեկի արժանապատվությունը կասկածի տակ դնել: Նա իր ելույթում նշեց, որ յուրաքանչյուրն ունի երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը. «Պետք չէ պարտադրանքի ուժով համոզել կատարել այն ընտրությունը, որ իմ ընդդիմախոսը պարտադրում է ինձ»:
Նրա խոսքով, վարչապետը պետք է հստակ իմանա, թե ինչ պետք է անի ստեղծված ռազմական սպառնալիքների պարագայում. «Մի սխալ գործողություն կարող է հանգեցնել անդառնալի կորուստների մեր երկրի համար»:
Արձագանքելով իր հարցին Նիկոլ Փաշինյանի պատասխանին. «Ցավում եմ, որ դուք շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի եռանդով»՝ Կորյուն Նահապետյանն ասաց. «Ես ձեր նման իմ դիպլոմը չեմ հրապարակում համացանցում, որ ստացել եմ գերազանց գնահատականներ»:
Կորյուն Նահապետյանը կոչ արեց երկխոսել՝ պահպանելով բարեկրթությունը:
«Նայեք ադրբեջանական լրատվական գործակալությունների տարածած հաղորդագրությունները, դա խորը անհանգստացնող երեւույթ է: Ելքը մեկս մյուսին ընդառաջելն է: Այո, ես ընդունում եմ, որ սխալվել ենք, բայց այնպես չէ, որ դուք եղել եք օրինակելի ընդդիմություն…Այնպես չէ, որ այսօրվա բոլոր մեղքերը պետք է բարդեք միայն իշխանության ուսերին»,-ասաց Կորյուն Նահապետյանը:
Նա ներողություն արեց այն բաների համար, որ չեն կարողացել անել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ