«1988-ին ՀՀ բնակչությունը երեքուկես միլիոն էր, հանրահավաքները ունեին տեղեկատվություն ստանալու նպատակ: Այսօր ավելի քիչ է մեր բնակչության թիվը, բայց ավելի շատ մարդ կա հրապարակում: Այսօրվա չափ մարդ հրապարակում չի եղել: Մարդիկ առավոտվա ժամը 9-ից հետեւում են, թե ինչ է կատարվում: Սա իրավունքի ինքնապաշտպանություն է: Եթե երկրում չկա խախտված իրավունքի վերականգնման միջոց, մարդը ստիպված է դիմել խախտված իրավունքի ինքնապաշտպանությանը»,- ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթն այսպես սկսեց:
Նրա խոսքով, «Ժողովուրդը ուղղակիորեն իրականացնում է իր ինքնիշխանությունը, ի՞նչն է ժողովրդին ցասումի հասցրել, գազազեցրել, երբ ասվում է բոլոր խնդիրները լուծվելու են Մելիք-Ադամյանում, քաղաքական մեծամասնությունը մենք ենք, ինչքան ուզենք՝ կխփենք…Բոլոր մարդիկ գիտեն, թե ինչպես է ձեւավորվել ընտրական կամքը: Մենք ժողովրդի իրական կամքը որպես մարմին չենք իրականացնում»:
Նրա ձեւակերպմամբ, վահանի եւ սրի պայքարում, մի օր սուրը հաղթում է:
«Որեւէ մեկս չէր սպասում, որ նման բան տեղի կունենա…Դուք նայե՞լ եք ժողովրդի աչքերին, ժողովուրդը երջանիկ է: Նման բան «Միասնություն» դաշինքի ժամանակ է եղել… Դա կոտրվեց հոկտեմբերի 27-ով, բայց մենք կարող ենք նորից այդ միասնությունը ձեւավորել»,-ասաց Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքերով, Նիկոլ Փաշինյանի առաքելությունն է երկիրը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նա ճգնաժամը լուծելու բանաձեւ է առաջարկում. «Իսկ ՀՀԿ-ն քանի՞ արդար ընտրություն է կազմակերպել, որեւէ մեկը չի հավատում դրան»:
Զեյնալյանը Արփինե Հովհաննիսյանի հարցին էլ անդրադարձավ. «Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ կա՞ քաղաքական բանտարկյալ…Մի շարք վճիռներով հաստատվել է դա, անբեկանելի դատական ակտեր կան: Ի՞նչ է արել ՀՀԿ-ն այդ մարդկանց իրավունքները վերականգնելու համար»:
Նրա ձեւակերպմամբ. «Եթե այսօր ընտրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մենք այս էներգիան պահպանելու ենք, սա նյութական արժեք է: Որեւէ մեկը չի կարող մեր դեմ դուրս գալ, սա մարտական ոգի է, ստեղծագործ արարող ուժ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ