Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհավորում եմ, պարոն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց». Արմեն Աշոտյան

Մայիս 01,2018 19:15

«Այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ մեկ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն է, դրա համար եմ նրա հետ խոսում: Շնորհավորում եմ, պարոն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց. երբ մի քանի շաբաթ առաջ փորձում էիք, գնում էիք հրապարակում կանգնում, այստեղ նստածներից ոչ մեկը, բացի ձեր կուսակցության անդամներից, ձեզ չեր հավատում: Ձեզ մոտ ստացվեց, ներշնչեցիք, հույս ու էներգիա, ոգեւորեցիք մարդկանց ու տարիների ընթացքում կուտակված խնդիրները երկրում, որոնք չի կարելի վերագրել բացառապես վերջին տասը տարիներին: Այնուհանդերձ այս երկու նախագահական ժամկետներից հետո Սերժ Սարգսյանը հեռացավ՝ իր հետ տանելով կուտակված բոլոր պետական ու քաղաքական ձախողումների ու մեղքերի ծանրությունը, ձեզ խնդրում եմ՝ այլեւս մի շահարկեք, Սերժ Սարգսյանի անունը: Այդ ասպետական քայլից հետո դա առնվազն ազնիվ չէ: Եկեք նոր գինին չփորձենք լցնել հին տակառների մեջ՝ կամ պայթեցնելու է, կամ թթվի:

Այս իրականությունը բերել է մի իրավիճակի, երբ խորհրդարանում կրքեր են բորբոքվում: Դուք ասացիք՝ «մերժիր Սերժին»՝ Սերժ Սարգսյանը գնաց: Չուզեցիք Կարեն Կարապետյանին՝ Կարեն Կարապետյանը չառաջադրվեց: Մերժեցիք ՀՀԿ-ին, մենք որեւէ թեկնածուի չենք առաջադրել: Այս հաջողությունը ձերն ու մեր ժողովրդինը, այդ արմատների մեջ մենք մեր մեղավորությունն ունենք»,- այսօր ԱԺ-ում վարչապետի ընտրություններին Նիկոլ Փաշինյանին ուղղված այսպիսի ելույթ ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նա անդրադարձավ գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանի ելույթին, թե Աշոտյանից ինչ ընդդիմություն ու ասաց, որ Սարոյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստ է ընդդիմություն աշխատել, նույնիսկ առանց Փաշինյանի է պատրաստ աշխատել. «Երկրին պետք է ընդդիմություն, դժվար է հասկանալ սա էյֆորիկ ալիքի վրա: Երկրին պետք է ազատության արտահայտման հնարավորություն, ժողովրդավարությունը տոտալիտար ճնշման մեխանիզմներով չի հաստատվում»:

Համեմատելով ընդդիմության նախկին ու ներկայիս առաջնորդներին՝ Վազգեն Մանուկյան, Կարեն Դեմիրճյան ու Լեւոն Տեր-Պետրոսյան՝ նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը զիջում է նախորդներին. «Նա հրաշալի, ինտելեկտուալ, ահավոր խելացի մարդ է, բայց կան գործոններ, երեւույթներ, որոնք այս կամ այն պարագայում հնարավոր չեն դարձնում այդ պաշտոնավարումը… չեմ ընդունում մոտեցումը՝ կամ իմ եղբայրն ես կամ արի քեզ խաչեմ: Ինչու են ժամանակակից մեսիաները փոխանակ իրենք խաչվում, ուզում ուրիշին խաչել»:

Նա չհամաձայնեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանի դիտարկման հետ, թե ընտրում են վատի ու վատագույնի միջեւ. «Չէ, ընտրում ենք վատ տարբերակի ու կործանարար տարբերակի միջեւ: Կործանարար եմ համարում այն մոտեցումը, երբ առկա աշխարհաքաղաքական պայմանների պարագայում, մեզ ստիպում են կատարել մի ընտրություն, որն ինձ համար Հայաստանի ավարտի սկիզբն է: Չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանը , որը դարձավ հայկական Մանդելա ու հաջողությամբ դարձավ, հանկարծ դառնա Հայաստանի կործանման կամ Հայաստանի վերջին վարչապետ: Նիկոլն այս պատմության մեջ իր անունը լավով է գրել, ոսկե տառերով է գրել: Ուզում եմ՝ կապիտալիզացնել այն, ինչ այսօր ունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031