Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առաջին ձայնը ես կբարձրաձայնեմ, եթե Փաշինյանը անի այն, ինչ դուք ասում եք այստեղ». Էդմոն Մարուքյան

Մայիս 01,2018 19:01

«Ժողովրդի զարթոնքի ուժը եկել, մտել է խորհրդարան, որ ստանա սահմանադրական ձեւակերպում: Սահմանադրական ձեւակերպումը հիմա մեր ձեռքերում է: 105 պատգամավորների ձեռքերում է: Մի շաբաթ առաջ ես էլ էի մտածում, որ կա երրորդ ճանապարհ, միգուցե լինի այլ հնարավորություն: Բայց ժողովուրդ ջան, հիմա այսպիսի մի վիճակում ենք, թավշյա հեղափոխությունը հասել է մի այնպիսի հանգրվանի, որ պետք է սահմանադրական ձեւակերպում ստանա», – ԱԺ-ում իր ելույթում ասաց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, ԱԺ-ում քննարկվում է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը:

Մարուքյանն ասաց, որ ամեն հեղափոխություն ունի իր կանոնը, եւ կանոն է, որ ով նախաձեռնել է այն, պետք է նա լինի վարչապետ. «Մենք ունենք ճգնաժամ, դա չունի լուծումների այլ տարբերակ: Միակ տարբերակը հիմա Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու մեջ է, այլ տարբերակ չկա՛»:

Մարուքյանը հիշեցրեց, թե ինչպես էին վարվում իշխանությունները իրենց նախաձեռնությունների հետ. «Դուք ձեռ էիք առնում մեզ, դուք մեր բոլոր նախագծերը մերժում էիք, Դոնթի բանաձեւով հանձնաժողովները կրճատում էիք, ամեն ինչ անում էիք, որ սա տեղի ունենա, դուք եք արել սա: Հասել եք նրան, որ ունենք քաղաքական ճգնաժամ, բայց, փառք Աստծո, չունենք զոհեր, որեւէ մեկի մեքենային մի բան չի եղել, մի դուռ չի ջարդվել:

Բայց ժողովուրդը փողոցում է ու պետք է սա լուծենք: Փաշինյանն ինչ ուղերձ է ուղարկում, ասում է՝ բոլոր խմբակցությունների հետ կքննարկեմ ապագան, հենց ընտրվեմ, համաձայնության կառավարություն կձեւավորեմ, համերաշխություն կլինի, եթե մեկը մեկին ատել է՝ կսիրի, եթե մի բան է ասել, հիմա այլ կերպ կլինի: Բոլորս ունենք այս 20 տարվա ատելությանը վերջ դնելու խնդիր: Հիմա ձեր ձեռքերում է դա, ՀՀԿ-ի մեր գործընկերներ, որովհետեւ 3 խմբակցություն ասել է, որ կողմ է քվեարկելու»:

Նա ասաց, որ եթե ՀՀԿ-ն դեմ քվեարկի, հիմա, գնա այս դահլիճից, ինչ էլ անի՝ այս ճգնաժամից դուրս չենք գալու. «Ասում էիք՝ ովքե՞ր են Փաշինյանի կողքը կանգնած, ովքե՞ր են իր շրջապատը: Նստած էինք այնտեղ, չէի՞ք տեսնում ովքեր են: Առաջին ձայնը ես կբարձրաձայնեմ, եթե Փաշինյանը անի այն, ինչ դուք ասում եք այստեղ: Մենք խնդիր ունենք, որ հեղափոխությունը նյութականացվի, դրա առաջին քայլը այսօր է եւ հիմա»:

Էդմոն Մարուքյանը զգուշացրեց, որ հակառակ դեպքում անդառնալի հետեւանքներ կարող ենք ունենալ, մինչեւ այսօր բոլորը իմաստուն են եղել եւ այդ հետեւանքները չենք ունեցել. «Ուզո՞ւմ եք Արցախը պաշտպանված լինի, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք տնտեսությունը զարգանա, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք ՀՀ-ն սանկցիաների տակ չընկնի, պետք է քվեարկեք, ուզո՞ւմ եք տանկերը, որ հիմա ասում եք՝ գալիս են, բայց իրականում չեն գալիս, չգան՝ պետք է քվեարկեք Փաշինյանի օգտին»:

Նա հեգնեց Գագիկ Մելիքյանին, որն ասել էր՝ պետության մասին չեք մտածում. «Բա պետության մասին մտածո՞ւմ էիք, որ 10 հազար դրամների համար հերթ էիք կանգնեցրել մարդկանց, հերթով դրել, 10 հազար դրամ էիք բաժանում, բա չէի՞ք մտածում պետության մասին: Հիմա կարելի է այդ էջը ծածկել, հեղափոխության լիդերը պատրաստ է դրան: Հիմա մեծ պատասխանատվություն կա ձեր վրա: Ես չեմ ուզում, որ ՀՀԿ-ից 6-7 պատգամավոր քվեարկի Փաշինյանի օգտին, դուք հայտարարեք, որ հանուն մեր պետության, հանուն Արցախի, հանուն երիտասարդության մենք բոլորս քվեարկում ենք Փաշինյանի օգտին, թող կառավարությունը ձեւավորի, գանք, շարունակենք մեր երկխոսությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031