ԱԺ-ում կրքերը լարվել են: Քննարկվում է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը իր ելույթում խոսեց շարժմանը ուշ միացողների մասին՝ ասելով, որ ջահը տեղ չի հասնի, ճանապարհին պղտոր ջրում ձուկ բռնողները կգողանան դա՝ ամենալկտի ձեւերով. «Ոնց որ էսօր տուրք տալով մոդային, տուրք տալով նրան, որ հողը տակից փախնում ա, ժամերի, րոպեների տարբերությամբ հայտարարություն անելով՝ միանում են ձեզ: Միացել են, բայց ե՞րբ են միացել, երեխեք, խրոնոլոգիան նայեք, էդ հեշտ է նայել: Շարժման մաքրությունը դա՞ է տանելու»:
ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հակադարձեց: Նա նախ ասաց, որ համաժողովրդական շարժումից է կախված մեր երկրի ապագան ու պետք է սթափ գնահատել. «Պարոն Բեքարյան, դուք երկրորդ քաղաքական ուժին ինչ-որ ստոր պլինտուսից ներքեւ հայտարարություններ եք անում, թե 2 րոպե առաջ, 5 րոպե առաջ դուք գնացիք, ո՞վ ա ձեզ իրավունք տվել, որեւէ մեկը ձեզ իրավո՞ւնք է տվել, որ երկրորդ քաղաքական ուժին գաք ինչ-որ բաներ ասեք, ուրեմն հանգիստ նստեք ձեր տեղը, պատասխանները կստանաք մինչեւ վերջ: Դուք քաղաքական վերլուծաբանի իբր համբավ ունեք, ո՞վ է ձեզ իրավունք տվել, դուք եք կրակի վրա յուղ լցնում: Ինչ լսեցիք՝ ականջներիդ օղ արեք: Լավ կլիներ, որ ձեր ելույթի մեջ թերությունների մասին խոսեք՝ երկրում կա 1 մլն աղքատ, քաղաքական մոնոպոլիա, դիկտատուրա, էդ բոլորը մենք գիտենք, հանկարծ գալիս եք ստեղ, ասում եք ով ինչ ա անում: Ժողովրդի ալիքը սրբելու ա ամեն ինչ, կարողացեք քաղաքական գիտակցություն ցուցաբերեք ու մենք կունենանք ապագա: Եթե դուք շարունակելու եք ձեր սխալները չընդունել…»:
Բեքարյանն էլ տեղից էր արձագանքում, նիստը վարող Արփինե Հովհաննիսյանը փորձում էր հանդարտեցնել, գոռում էր՝ պարոնա՛յք, հանգի՛ստ:
Հետո Գագիկ Մելիքյանը իր ելույթում խոսեց Փաշինյանի ծրագրի մասին՝ բյուջեն ո՞նց եք աճեցնելու, ժողովուրդը սկսել է արդեն ընդդիմությանն ու բանագնացներին չհասկանալ, հրապարակներից մի բան են ասում, ամբիոնից մի բան են ասում, բա մե՞նք ոնց հասկանանք: Տեղից չդիմացավ եւ պոռթկաց Սասուն Միքայելյանը, նա սկսեց բղավել՝ ձեռքը առաջ մեկնելով: Մելիքյանը արձագանքեց. «Հանգի՛ստ Սասո՛ւն, մենք միասին սահմանում ենք եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ