«Շատ բարդ է այսօր տեսնել, զգալ կամ պատկերացնել ճիշտ լուծում՝ հաշվի առնելով, թե մենք ինչ իրավիճակում ենք, որ մեր գործընկերը՝ Նիկոլ Փաշինյանն անվանում է ճգնաժամ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Նա ասաց, որ փողոցում երիտասարդների էներգիան է, խոսում ենք սիրո եւ համերաշխության մասին ու դրա էլեմենտը կա, բայց հարցի երկրորդ կողմն էլ կա. «Սոցցանցերում սարսափելի վիճակ է տիրում, ատելության այնպիսի սերմանում»: Նա ասաց, որ հերթական անգամ ջրբաժան գիծ են ուզում գծել, սեւ ու սպիտակի բաժանել. «Հանրապետականը այս աշխարհի ամենաչար ուժն ա, գամված է իր աթոռներին, ժողովուրդ, լավ էլի, ամեն ինչ այդքան պարզ է ու պարզունա՞կ:
Ես դիմում եմ երիտասարդությանը, հավաքվածներին, ժողովուրդ, ստեղի ելույթներին ուշադի՛ր եղեք, տեսեք ովքեր են միացել այդ շարժմանը՝ ձեր ջինջ, լավագույն նպատակներով շարժմանն ովքե՞ր են միացել, էսօր ովքեր են խոսում ընտրակաշառքի մասին, ովքեր են տարաբնույթ եղանակներով հարցեր լուծելու մասին խոսում: Էդ ի՞նչ եղավ, բոլորը մաքրվեցի՞ն, ամեն ինչ մոռացա՞ք եւ միայն ՀՀԿ-ն է՞, մի հատ շուրջներդ նայեք ինչ տիպի նպատակներով հավաքված զանգված կա»:
Նա ասաց, որ երիտասարդների այդ մաքրությունն ու ջինջը պահելու հնարավորություն լինելո՞ւ է: Բեքարյանը մտավախություն հայտնեց, որ այդ ջահը տեղ չի հասնի, ճանապարհին պղտոր ջրում ձուկ բռնողները կգողանան դա՝ ամենալկտի ձեւերով. «Ոնց որ էսօր տուրք տալով մոդային, տուրք տալով նրան, որ հողը տակից փախնում ա, ժամերի, րոպեների տարբերությամբ հայտարարություն անելով՝ միանում են ձեզ: Միացել են, բայց ե՞րբ են միացել, երեխեք, խրոնոլոգիան նայեք, էդ հեշտ է նայել: Շարժման մաքրությունը դա՞ է տանելու»:
Անդրադառնալով Փաշինյանի ասածին, որ ցունամի կգա՝ Բեքարյանը հարցրեց՝ էդ երեխեքը մեր ժողովրդի երեխե՞քը չեն, ո՞ւմ վրա պիտի գա ցունամին՝ թշնամու վրա՞. «Կամ էսօր արդեն խոսում են նրա մասին, որ թե էսօր ինչ-որ բան չեղավ, արդեն զենքեր, էս էն, նորմա՞լ ա: Է՞ս է սիրո, զարթոնքի, համերաշխության գործիքները»:
Բեքարյանը վստահեցրեց, որ լուծում կա ու «Ելքը» լավ հասկանում է. «Կարող է ամեն ինչը գնա այն ճանապարհով, որ էսօր մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանը ինքնաբացարկ հայտարարի, քվեարկություն տեղի չունենա, մի շաբաթվա մեջ աշխարհին միասնական ուղերձ տանք ու մեր այդ մամլիչի մեջ բերելու վտանգ չստեղծենք»: Նա ասաց, որ ամեն պատգամավոր կոճակներից որն էլ սեղմի, պատասխանատվություն է կրելու:
Բեքարյանի ելույթից հետո բուռն արձագանքեց ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պղտոր ջրում ձուկ որսալու, շարժմանը միանալու հայտարարության հետ կապված:
Մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ