ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ նիստում, որտեղ քննարկվում է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը, ասաց, որ ոչ երեկ, ոչ էլ այսօր Փաշինյանն իրեն չհամոզեց, նա չի տեսնում Փաշինյանին վարչապետի պաշտոնում:
ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը խոսեց Փաշինյանի նոր իմիջի, հագուստի, անգամ՝ բեղ ու մորուսի մասին՝ ասելով, որ առաջ Փաշինյանը ինքն էր քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչներին խորհուրդ տալիս, որ բեղ ու մորուս պահի, որ նրանց չճանաչեն, հիմա ինքն է պահում. «Մի կողմից պարոն Փաշինյանը հայտարարում է, որ պետք է կապիտուլյացիայի ենթարկել ՀՀԿ-ն, փակել, մյուս կողմից գալիս է ԱԺ եւ համերաշխության եւ հանդուրժողականության կոչ է անում: Մի կողմից Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ ով չքվեարկի Փաշինյանի օգտին, պետական դավաճան է, մյուս կողմից Փաշինյանն ասում է՝ եկեք կառուցողական դաշտում աշխատենք: Պետական դավաճանության մեղադրանքը, ուլտիմատումների լեզվով խոսելը վիրավորական է: Չե՞ք կարծում, որ ինքնասիրության եւ արժանապատվության դաշտ եք մտել արդեն»: Նա ասաց, որ ի վերջո այս աղմուկը մի օր նվազելու է եւ ուզում է, որ այդ ժամանակ իրար աչքերի մեջ կարողանան նայել:
«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանն էլ իր ելույթում ասաց, որ Արմեն Աշոտյանից սկսած, Գեղամյանով վերջացրած, ով երեւանցի տղու նման ոստիկանի հետ կռիվ է արել 2004-ի ապրիլի 12-ին, վերջացրած իմ ախպեր Արտակ Զեյնալյանով ու Սասուն Միքայելյանով, բոլորի աչքերի մեջ ուղիղ է նայել, ասել է այն, ինչ մտածում է՝ ներառյալ Փաշինյանին. «Մենք չենք խոսում այսօրվա իրավիճակից, պարփակվել ենք դահլիճում,ուզում ենք ելքը գտնել դահլիճում՝մոռանալով, որ ելք կա նաեւ փողոցում: Մենք 2003-ի ընտրությունների ժամանակ, թե՛ ես, թե՛ Արտաշես Գեղամյանը խոսում էինք արդար ընտրություններից, 15 տարի է անցել՝ այսօրվա իրավիճակը խախտված ընտրությունների հետեւանք է»:
Նա ասաց, որ ընտրության ժամանակ հաղթած եւ պարտված կողմերը պետք է ընդունեն, որ իրենք հաղթել ու պարտվել են արդար ընտրության պարագայում, այդ դեպքում է, որ քաղաքական միտքն է զարգանում, չկա թշնամանք, չարություն, աշխարհն ընդունում է, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է. «Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում անունը այսօր տալիս է աշխարհի հայությունը ամենաշատը: Ինքն է գարանտը, որ կարող է այսօր լավ ընտրություն անցկացնի: Լավ բժիշկ չի, լավ տրանսպորտնիկ չի, բայց ինքը գարանտ է, ինքը հանել է ժողովրդին: Ուզո՞ւմ եք արդար ընտրություն լինի, հանգուցալուծում լինի, թե ոչ: Խոսում ենք աշխարհաքաղաքական բեւեռներից, ուղղվածությունից եւ այլն, գուցե հենց դրա համար է, որ ես Նիկոլ Փաշինյանի կողքին չեմ: Այսօր մեր երկրի ամենակարեւոր, ամենաէական խնդիրը մեր երկրի անկախության խնդիրն է, արեք ընդունեք, որ մենք լուրջ կախվածություն ունենք թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական, թե քվեարկությունների առումով: Ո՞ր դեպքերում այդ խնդիրները կարող են լուծվել, երբ Հայաստանը ինքնիշխան է, ունի ընտրված իշխանություն: Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմիրճյանը՝ դրա հստակ օրինակ, երբ լեգիտիմ իշխանություն կա, քեզ հարգում են»:
Արամ Սարգսյանն ասաց, որ փողոցում հավաքված ժողովուրդը, անկախ նրանից, թե հայհոյում է, բայց մերն է. «Մենք ուզո՞ւմ ենք, որ ժողովուրդն ուրախանա, ի՞նչ եք մտածում, որ այդ ժողովուրդը պարտվի, մենք այստեղ պետք է քաղաքականությա՞մբ զբաղվենք, իմաստը ո՞րն է, արդեն լուծումը միանշանակ զենքի դաշտում է լինելու: Մարդը համարելու է, որ միանշանակ քաղաքականությամբ ոչ մի բան՝ ներառյալ այսքան մարդ փողոց հավաքելով՝ հնարավոր չի խնդիր լուծել: Մարդը գնալու է այլ լուծումների, այլ բանալի է գտնելու»:
Արամ Սարգսյանն ասաց. «Ես իսկապես զարմացած եմ Նիկոլ Փաշինյանի՝ հարցերին տված պատասխաններից: Ես եղբորիցս հետո որեւէ վարչապետի ծրագիրը ներկայացնելու, ներառյալ իմ ծրագիրը ներկայացնելու ժամանակ որեւէ մեկի պատասխանները էդքան հստակ, էդքան չափված-ձեւած չեն եղել, որքան իրենը, շատ ապրե՛ս»:
Արամ Սարգսյանը, որպես Վազգեն Սարգսյանի փոքր եղբայր կոչ արեց՝ «Մտածե՛ք էս երկրի մասին, մտածեք էս երկրի մասին՝ ձեր քվեարկության կոճակը սեղմելուց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ