Խորհրդարանում գումարվել էր ՀՀԿ խմբակցության նիստ: Ենթադրվում էր, որ նիստից հետո խմբակցությունը կհրապարակի դիրքորոշումը քիչ ավելի ուշ կայանալիք վարչապետի քվեարկության հարցի շուրջ:
Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում ընթացող նիստում պատգամավորները պետք է վարչապետ ընտրեն: Վարչապետի միակ թեկնածուն ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին: Իշխող ՀՀԿ-ն, որն ունի ամենաշատ մանդատները խորհրդարանում, դիրքորոշում դեռ չի հայտնել:
Նիստի մեկնարկից առաջ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Aravot.am-ի հարցին՝ նիստի ընթացքում խմբակցության դիրքորոշումը կհստակեցնե՞ք, պատասխանեց. «Տեսնենք»:
Նիստի ավարտից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենք ունեն միասնական դիրքորոշում, որը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարտահայտի իր ելույթում: Շարմազանովն ասաց՝ իր դիրքորոշումը չի փոխվել:
Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ միասնական դիրքորոշում ունեն, բայց չհստակեցրեց`կո՞ղմ, թե`դեմ:
«Քվեարկության վրա մենք չենք բռնանում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին կլինե՞ն կուսակցությունում Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկողներ:
Ի դեպ, խմբակցության նիստից ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավորները դուրս եկան բավական նյարդային:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ