Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վարչապետության հարցն է քննարկվում: ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը հարցրեց՝ պատերազմի ժամանակ վարչապետը հանդես է գալու՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար ու հետաքրքիր են Փաշինյանի կարողությունները, պաշտպանության եւ անվտանգության համակարգի ունակությունը, որովհետեւ շատ պատասխանատու որոշումներ պետք է կայացնի՝ ընտրվելու դեպքում. «Երկու կոնկրետ իրավիճակ եմ ասում ու ակնկալում եմ պատասխան, թե ինչպիսի՞ գործողություն կձեռնարկեք: 1-ին՝ ՀՀ-ին սպառնացող իրական վտանգ կա եւ կառավարությունը հնարավորություն չունի որոշում կայացնել ԶՈՒ կիրառման վերաբերյալ, 2-րդ՝ ինչպիսի՞ իրավական հնարավորություն եք տեսնում ԶՈՒ-ի կողմից ռազմական դիմակայման շրջանակներում ԶՈՒ առանձին ստորաբաժանումների օգտագործման»:
Փաշինյանը պատասխանեց, որ որոշումները պետք է ինստիտուցիոնալ լինեն. «Ես հիմա ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում, դուք էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չեք, որ ռազմագիտության դաս եք տալիս դպրոցում: ՀՀ-ում կան ինստիտուտներ, գլխավոր շտաբ, ՊՆ, վարչապետը գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի դեպքում որոշումներ կայացնում է համապատասխան ինստիտուտների կարծիքը լսելով: Հիմա էդ հարցերը, որ տալիս եք, ես կարող եմ ձեզնից ակնկալել տասնյակ հարակից պատասխան, որպեսզի տամ այդ հարցերի պատասխանը՝ սկսած նրանից, թե եղանակն ինչպիսին է, ինչպիսին է սպասվում եւ այսպես շարունակ: Ես ասելով, որ պատրաստ եմ կատարել վարչապետի պաշտոնը, ես նկատի չունեմ, որ ՀՀ-ի ամենաուժեղ էներգետիկն եմ, ամենաուժեղ տրանսպորտնիկն եմ, ամենաուժեղ հրետանավորն եմ, կամ ամենաուժեղ հետախույզն եմ, հանրապետության ամենաուժեղ բժիշկն եմ, օդաչուն եմ: Վարչապետի պաշտոնը քաղաքական իրավիճակ է առաջին հերթին»:
Նա ասաց, որ կհրավիրի ՊՆ նախարարին, համապատասխան պաշտոնյաներին, նրանց զեկույցը կլսի ու համապատասխան որոշում կընդունի:
Նահապետյանն արձագանքեց, որ ցավում է, Փաշինյանը չի կարող այն բեռն ու պատասխանատվությունը ստանձնել՝ որպես գերագույն հրամանատար, չի իմանա, թե ինչ որոշում կայացնի, ինչ քայլեր ձեռնարկի. «Եթե դուք դա չգիտեք, ես պատկերացնում եմ, թե ինչպիսի իրավիճակում պետք է հայտնվեն մեր հայրենակիցները, եթե դուք չգիտեք, թե վարչապետին ինչ պարբերականությամբ պետք է զեկուցեն հրատապ, անհետաձգելի գործողություններ, հատուկ առաջադրանքներ կատարելու նպատակով: Դուք այստեղ քննություն եք բռնում՝ որպես վարչապետի թեկնածու, ոչ թե ռազմագիտության քննություն եք հանձնում»:
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ գայթակղությանը չի տրվի եւ երթեւեկության կանոնների մասին նրան հարցեր չի տա. «Ես ցավում եմ, որ դուք այնքան էլ լավ չեք պատկերացնում, թե մենք հիմա ինչով ենք զբաղված: Իսկապես ցավում եմ, որ դուք շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի եռանդով, եւ եթե ձեզ թվում է, որ դուք տպավորություն եք թողնում, դուք չափազանց սխալվում եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ