Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին «չեն համապատասխանում իրականությանը»:
«Ռոբերտ Քոչարյանը հետեւում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում: Վերջին օրերին նա որեւէ հանդիպում կամ հեռախոսազրույց ԱԺ պատգամավորների հետ չի ունեցել: Այնպես որ, կրկնում եմ, հնչեցված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», – Մեդիամաքսին ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում իր ելույթում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Երեկ երեկոյից սկսած՝ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը անձամբ սկսել են ճնշումներ գործադրել ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ նրանց սպառնալով որեւէ կերպ չքվեարկել ՀՀ վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին: Հայտնի տանդեմը պատկերացնո՞ւմ եք, համաժողովրդական ալիքը կասեցնելու եւ կրկին իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել, որի հիմնական գործիքը շարունակում է մնալ նույնը՝ սպառնալիքները, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումները, կոմպրոմատները»: