Այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը դիմեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ որպես 4 երեխաների հայր՝ հարցնելով, թե այլ իրավիճակում դպրոցների աշակերտները, ձեր երեխաներն էլ ցույցի մասնակցելու ցանկություն ունենան, ինչպիսի՞ն կլինի ձեր գնահատականը այդ դպրոցների, մանկավարժների, տնօրենների, կազմակերպիչների մասին:
Փաշինյանը պատասխանեց որ երբ ղարաբաղյան շարժումը սկսել է, ինքը եղել է 13 տարեկան, լինելով դպրոցական՝ կազմակերպել է դասադուլներ, երթեր, ցույցեր, բողոքի գործողություններ. «Իմ երեխաները քաղաքական իմ ողջ գործունեության ընթացքում մասնակցել են այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել»:
Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր շարժման ամենահզոր շերտերից մեկը համարում եմ աշակերտներին, թավշյա այս հեղափոխության մեջ լայնորեն ընդգրկված են եղել երեխաները: Սա նշանակում է, որ այսօր տեղի ունեցածի հիշողությունը չի կորելու, առնվազն առաջիկա 100 տարում այս պատմությունը պատմվելու է եւ պատմվելու է անմիջական մասնակիցների կողմից»:
Այս գործընթացը նա համարեց քաղաքացիական լրջագույն դպրոց. «Ես ուղղակի ողջունում եմ աշակերտների ակտիվությունը եւ համոզված եմ, որ այդ ակտիվությունը կշարունակվի, մինչեւ այս պրոցեսի վերջնական, աներկբա ավարտին»:
Ռուզաննա Մուրադյանը արձագանքեց. «Ես հասկացա, որ ձեր մղումները այնքան ուժեղ են, որ դուք կարող եք անցնել անգամ երեխաների անվտանգության վրայով, դուք կարող եք անտեսել հետեւանքները դեռահասների վրա՝ հաշվի չառնելով տարիքային առանձնահատկությունները, նրանք չեն կարող ադեկվատ որոշումներ կայացնել, գնահատել իրավիճակը, դրա վատ հետեւանքները ֆիզիկական են, բարոյական, գաղափարական: Դուք հանուն ինչ-որ բանի ամեն ինչի վրայով անցնելու թեզ հնչեցրեցիք»:
Փաշինյանն էլ արձագանքեց. «Երբ դուք խոսում էիք, իմ աչքի առաջ անցնում էին այն բազմաթիվ կադրերը, երբ ցածր դասարանների երեխաները դպրոցների տնօրենների, մարզպետների որոշմամբ ստիպողաբար քշվում էին Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներին՝ «Առաջ Հայաստան» փուչիկները ձեռքերին բռնած: Ես ուզում եմ հասկանալ՝ իսկ որտե՞ղ էր ձեր այս մտահոգությունը ձեր կուսակցության հավաքների ժամանակ: Մենք ոչ մի երեխայի ստիպողաբար որեւէ տեղ չենք տարել, երեխաներն ունեն սահմանադրական իրավունքներ եւ որոշումներ կայացնելու իրավունքներ: Այլեւս երեխաների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված են եւ ոչ մի դպրոց, ոչ մի տնօրեն այլեւս չի համարձակվի պահել երեխաներին կողպած դռներով դպրոցներում ու կողպած դռներով դասարաններում, սա ես ձեզ երաշխավորում եմ»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց. «Ես մտադրություն չունի հարց տալ, բայց դուք ինձ ստիպեցիք: Ես կօգտագործեմ այն, ինչ ձեզանից սովորել եմ, 10 րոպեով կլքեմ դահլիճը, որպես բողոք այն հայտարարության, որ դուք արեցիք երեխաների իրավունքների կապակցությամբ: Հետո ձեզ միջազգային տարբեր կազմակերպություններ կբացատրեն՝ որտեղ է ձեր սխալը եւ, եթե դուք ընտրվեք վարչապետ, այսուհետ երբեք չկրկնեք նման բառեր»:
Փաշինյանը արձագանքեց՝ հույս ունեմ, 10 րոպեից կվերադառնաք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ամսի 23-ին ժողովուրդը ձեր հհկ-ին մերժել է հեռացեք և վերջ