Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս եք ՀՀ բնակչությունը կրկնապատկելու, եթե մեր 4 մլն-ի ծրագրին դեմ եք քվեարկել. Հակոբ Հակոբյանը՝ Փաշինյանին

Մայիս 01,2018 15:17

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ասաց, որ Փաշինյանը եւ իր կուսակցությունը խոստանում է 20 տարում ՀՀ բնակչության թիվը կրկնապատկել, դարձնել 5.6 մլն, մինչդեռ իրենց ծրագրում ընդգրկված 4 մլն-ին դեմ է քվեարկել. «Դեմ եք քվեարկել, որ քի՞չ էր, թե՞ դեմ եք քվեարկել, որ հնարավոր չէր անել դա»: Նա նաեւ հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքային մոտեցումներ ունի Փաշինյանը աղքատության, կենսաթոշակի, աշխատավարձերի հետ կապված:

Փաշինյանը պատասխանեց, որ 4 մլն-ի դրույթին դեմ կքվեարկեր, որովհետեւ դա սուտ է, հնարավոր չի մի երկրում, որտեղ հարկային տեռոր է տեղի ունենում, քաղաքական, ոստիկանական տեռոր է տեղի ունենում, այդ երկրում բնակչության թիվը աճի, ինչը ցույց է տվել մեր երկրում 20 տարվա փորձը: Նա անդրադարձավ ՀՀԿ-ի իշխանությանը, որը բերել է դրան, որ բնակչության թիվը կրճատվել է. «Այդ էջը փակված է եւ վերադարձ չկա այդ էջին»:

Ինչ վերաբերում է սոցիալական ծախսերին, նա ասաց, որ կա պարզ լուծում, մենք ունենք համապատասխան բյուջետային եկամուտներ, տնտեսություն, որ պատրաստ է ապահովել մարդկանց նվազագույն եւ մի փոքր ավելի կարիքները: Եվ այն, որ մարդիկ ոտքի են կանգնել, ցույց է տալիս, որ հույս չեն կապում իշխող կուսակցության հետ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տասնյակ զանգեր են ստանում սփյուռքի հաջողակ, մեծահարուստ գործարարներից, որոնք ասում են, որ օր առաջ գալու են եւ ներդրումներ են անելու ՀՀ-ում: Պարզապես չեն ուզեցել առաջ դա անել, իսկ հիմա մեր տնտեսությանը սպասվում է թռիչքաձեւ զարգացում, բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչը բերելու է աշխատատեղերի բացման, աղքատության կրճատման, թոշակների ավելացման: Նա ասաց, որ հիմա չի կարող ասել, թե կոնկրետ քանի տոկոսով կիջնի աղքատությունը, բայց կասի, որ այն մեր երկրում հաղթահարելի է:

Հակոբ Հակոբյանը պատասխանից դժգոհ մնաց, ասաց, որ այդպես էլ հայտնի չեղավ, թե ինչ մոտեցում ունի Փաշինյանը սոցիալական խնդիրների մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031