«Այսօր մեր այստեղ գալու նպատակն այն է, որ մենք անկախ, մարդավարի ապրենք այս երկրում: Մենք բոլորս համաձայն ենք մեր ձայնը տալ Նիկոլին, որ նա դառնա վարչապետ և մաքուր, ազնիվ աշխատելով՝ երկիրն ավելի լավը դարձնի»,- «Հանրապետության» հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներից մի միջին տարիքի տղամարդ այսպես արտահայտվեց:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ժամը 11.00-ից Երևանի «Հանրապետության» հրապարակում հավաքվել են հազարավոր քաղաքացիներ Երևանից և մարզերից: Նրանք մոնիտորներով հետևում են ՀՀ ԱԺ նիստին:
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը վստահ է՝ Հայաստանն ունենալու է նոր վարչապետ: Անդրադառնալով երեկ ուշ գիշերին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ահազանգին, թե ՀՀԿ-ն պատրաստվում է տապալել վարչապետի ընտրությունը, Դավիթ Սանասարյանն արձագանքեց. «Ժողովուրդը տվել է իր վարչապետի անունը. նա Նիկոլ Փաշինյանն է: Իրենք վերջին ճիգերն են անում խաղալու հայ ժողովրդի կամքի հետ, բայց մենք դա թույլ չենք տալու: Հնարավոր է՝ մի քանի օր էլ շարունակեն, բայց հետո ավելի ցավոտ է լինելու: Եթե սուր զգացողություններ են ուզում, մենք դա կապահովենք»:
Նույն հարցի կապակցությամբ հրապարակում հավաքված քաղաքացիներից մեկը վրդովվեց. «Իրենց ոչինչ չի հաջողվի, ժողովուրդը միաձայն է, ողջ ազգն է այդ գործին լծված, որ հաղթենք»:
Մի պապիկ էլ վստահեցրեց՝ միևնույն է ժողովուրդն այնքան պիտի պայքարի, որ իր ուզածը լինի:
Մեկ այլ քաղաքացի էլ դիմելով ՀՀԿ-ին ասաց. «ՀՀԿ-ն այս ժողովրդին նայելով՝ պետք է ամաչի: Պետք է վեր կենան ու գան միանան մեր ժողովրդին: Ժողովուրդն է հաղթելու, միայն անձի հետ չի կապված այս ամենը. Նիկոլը ժողովուրդն է»:
«Հանրապետության» հրապարակում են նաեւ «Սատար հաշմանդամներին» ՀԿ անդամները: Կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը հայտարարեց, թե հույս ունեն, որ նոր վարչապետն իր գործողություններով կնպաստի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծմանը. «Մեզ համար ամենակարևորը բարեփոխումներն են և մեր սոցիալական հարցերի կարգավորումը: Հիմա մենք համ կանք, համ չկանք, ուստի ցանկանում ենք՝ լինի դրական փոփոխություն: Մենք ուզում ենք, որ ազգի ազատամարտիկների, քառօրյայի տղաների, հայրենիքի սահմանները պինդ պահող տղաների իրավունքները պաշտպանված լինեն»::
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ