Այս պահին Երևանի Հանրապետության հրապարակում հազարավոր քաղաքացիներ են հավաքվել, նրանք մոնիտորներով հետևում են ՀՀ ԱԺ նիստին:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը Հանրապետության հրապարակում հավաքվածներին հորդորեց, եթե նույնիսկ տեղաշարժվում են, մնան բարձրախոսի հասանելիության սահմաններում. «Այն մոբիլիզացիան, որ ունենք հիմա, շատ կարևոր է քաղաքական իրավիճակի վրա ազդելու համար: Այնպես, ինչպես անցյալ շաբաթներին մեկդ մյուսի նկատմամբ հոգ եք տարել, օգնել դժվարությունների ժամանակ, շարունակեք նույն կերպ: Ջուր ունեք, հյուրասիրեք, կոնֆետ ունեք, հյուրասիրեք, քանի որ սիրո ու համերաշխության մթնոլորտը Հայաստանում պետք է հարատև լինի»:
Այնուհետև Արայիկ Հարությունյանը կոչ արեց Բաղրամյան 26-ի և ՀՀ խորհրդարանի համար վանկարկել, թե ով է ժողովրդի թեկնածուն: Հրապարակից գոչեցին՝ «Նիկո′լ, վարչապետ»:
Արայիկ Հարությունյանն անընդհատ շեշտը դնում է ինքնակազմակերպման վրա, հորդորում ուշադիր լինել, քանի որ հնարավոր է տարբեր կասկածելի խմբեր հայտնվեն, որոնք կոչեր անեն գնալ այս կամ այն կողմ: Նա հատուկ տեղեկացրեց, որ բոլոր ցուցումներն ու հայտարարությունները լինելու են նշված հարթակից ու բարձրախոսից:
Արայիկ Հարությունյանը կոչ արեց քաղաքացիներին հնարավորինս համախմբված ու մոբիլիզացված լինել Հանրապետության հրապարակում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ