ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի ուղերձը Միության ղեկավարությանը, շրջանակներին, կառույցներին
1 մայիսի, 2018 թ. – Այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը ականատես ու մասնակից են պատմական արտակարգ իրադարձությունների՝ կանգնած կարևոր նոր հանգրվանի շեմին: Առաջիկա օրերին ու շաբաթների ընթացքում որդեգրվող որոշումներով ուրվագծվելու է մեր ազգի առաջընթացի նոր ուղին:
Հայաստանի քաղաքական ու սոցիալական իրադրությունն ամենօրյա ձևավորվող զարգացումներով դրսևորում է հայ ժողովրդի մտահոգությունները: Հայաստանի Հանրապետությունից դուրս ոչ մի անհատ, կազմակերպություն, կամ քաղաքական կուսակցություն, որքան էլ բարի տրամադրված լինեն նրանք, այս փուլում չպետք է փորձեն գործուն դերակատարություն ունենալ Հայաստանի կառավարության ու հայ ժողովրդի ներքին խնդիրների կարգավորման գործընթացում:
Մենք խորապես գիտակցում և հարգում ենք այս իրողությունը: Հիմնադրումից առ այսօր, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հավատարիմ է մնացել աշխարհասփյուռ հայ ժողովրդին ծառայելու իր առաքելությանը, սատար կանգնելու հայրենիքին՝ անկախ տիրող վարչակարգերից:
Թե՛ 1918-ին, Առաջին Հանրապետության շրջանում, թե՛ խորհրդային կարգերի ժամանակ, կամ բնական աղետներին ու ճգնաժամերին համընդեմ, ինչպես նաև անկախության 26 տարիներին՝ իրարահաջորդ երեք նախագահների պաշտոնավարության ժամանակաշրջաններում, ՀԲԸՄ-ն գործել է իր առաքելության ու ազգանվեր գործունեության սատար եղող բոլոր իշխանությունների կողքին:
Ինչպես անցնող 112 տարիներին, աշխարհի հայ համայնքներում և Հայաստանում, հատկապես անկախ հանրապետության հռչակումից հետո, մենք մնում ենք հայրենի պետության կողքին, շարունակելով մեր ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող մեր ծրագրերի ու ազգանպաստ աշխատանքների վրա՝ ի շահ մեր ժողովրդի բարօրությանը:
Մինչ քաղաքական զարգացումներն ընթանում են իրենց արագ թափով, մեզ համար ակներև է հայրենի երիտասարդ սերնդի ցուցաբերած աննախադեպ հանձնառության ոգին ու վարակիչ խանդավառությունը: Պատմական տարողություն ու ծավալ ունեցող նրանց կամքի արտահայտության խաղաղ ցույցերը, ի տես աշխարհին, հաստատեցին, որ հայ ժողովուրդը կառչած է մնում ժողովրդավարական իդեալներին: Լավատեսության այս ընդհանուր մթնոլորտը թելադրում է նաև լինել զգոն ու առաջնորդվել կառուցողական ոգով:
Մեզ համար քաջալերական է տեսնել, որ քաղաքական այս վերիվայրումների ընթացքում բոլոր կողմերը կիսում են այն համոզումը, որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ, անկախ, ժողովրդավար ու համաժողովրդային պետականություն, որ իր քաղաքացիներին ապահովում է արդար ու տնտեսական բարգավաճման հնարավորություններ ընձեռող կյանքի պայմաններ: Հայաստանը կարիքն ունի ժողովրդի վստահությունը վայելող ուժեղ կառույցների: Դրանք են այն հիմքերը, որոնց վրա հնարավոր է կառուցել իրապես ժողովրդավար պետություն:
Մենք նաև պետք է գիտակցենք, որ մեր եկեղեցին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գերակայությամբ, կարևորագույն կառույցներից է, որ առանցքային դեր է կատարել հայ ազգի պատմության մեջ: Մենք վստահ ենք, որ եկեղեցին շարունակելու է ծառայել աշխարհացրիվ մեր ժողովրդին, մասնավորապես, նրա կյանքի ճակատագրական պահերին:
Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել դեպքերի զարգացումներին, միևնույն ժամանակ առաջ տանել մեր ազգանվեր գործունեությունը տարբեր համայնքներում, ըստ կարիքների: Ինչպես միշտ, ես իմ բարձր գնահատանքն եմ հայտնում ձեր բոլորին, համայն ազգի բարօրությանը ձեր ցուցաբերած նվիրյալ աշխատանքի համար:
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության մամուլի հաղորդագրություն