Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել եք ԱԺ-ում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ». Փաշինյանը բորբոքվեց՝ ՀՀԿ-ն ԼՂ բնակիչ օգտատերերին ապակողմնորոշում է

Մայիս 01,2018 13:34

26 պատգամավոր է հերթագրվել՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար՝ որպես վարչապետի թեկնածու:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Մարինա Մարգարյանը հետաքրքրվեց առողջապահական համակարգի խնդիրներից, թե ինչ է պատրաստվում անել Փաշինյանը՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Փաշինյանը խոսեց առողջապահության ապահովագրական համակարգի անհրաժեշտության մասին:

ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարցրեց, թե Փաշինյանը, լիբերալ լինելով, պայքարելո՞ւ է տոտալիտար աղանդների, փոքրամասնություններին արտոնություններ տալու դեմ: Նա նաեւ ասաց, որ Փաշինյանին պաշտպանում են այնպիսի ծայրահեղ արեւմտամետ գործիչներ, ինչպիսին է Սաակաշվիլին, Նավալնին, իր շրջապատում շատ են արեւմտամետ գործիչները, «սրան գումարած նախընտրական քարոզարշավի ժամանակ հակառուսական արտահայտությունները, ինչո՞ւ մենք պետք է հավատանք, երբ 180 աստիճանով դիրքորոշումները փոխվել են»:

Փաշինյանը պատասխանեց, որ ինքն իրեն լիբերալ չի համարում. «Ժամանակակից աշխարհում իզմ-երը կորցրել են իրենց նշանակությունը: Աշխարհում նման սահմանազատումները վերանում են: Կոմունիզմը եւ մասնավոր սեփականությունը ի բնե համարվել են անհամատեղելի երեւույթներ, բայց այսօր Չինաստանը համատեղել է դա, սա նշանակում է, որ իզմ-երը գոյություն չունեն»:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, նա ասաց, որ գաղտնիք չէ, իրենք անդամակցությանը դեմ են քվեարկել, բայց իշխանություն լինելով՝ ունես հնարավորություն այդ խնդիրները քննարկել գործընկերների հետ եւ գալ ընդհանուր հայտարարի:

Փաշինյանն ասաց, որ նոնսենս է համարում, երբ ՀՀ-ում որեւէ քաղաքական գործիչ կոչվի արեւմտամետ, ռուսամետ, իրանամետ, ՀՀ-ում պետք է քաղաքական գործունեություն ծավալեն միայն հայամետ քաղաքական գործիչներ:

ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը Փաշինյանին հիշեցրեց այս օրերին սոցցանցերում տարածված իր նախկին «հոդվածներից» մեկը՝ ԼՂ հարցի կարգավորման մասին. «Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ չվերադարձնենք տարածքները»:

Փաշինյանը արձագանքեց, որ արդեն 5 տարի է, սոցցանցերում իր նկարով այդ հատվածը տարածվում է, մինչդեռ ինքը «Հայկական ժամանակի» այդ օրվա թերթը լուսապատճենել է ու վստահեցրել, որ նման հոդված գոյություն չունի. «Եկել եք ԱԺ-ում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ: Դուք եւ ձեր թիմը կարող է որոշակի կապ ունենալ դեզինֆորմացիաների տարածման մեջ: Եթե իմ գործունեությունը կարող է մեկը ներկայացնել՝ որպես ազգային եւ պետական շահերին հակասող, այդ մեկին լուրջ հիասթափություն է սպասվում: Կոչ եմ անում դադարեցնել դեզինֆորմացիաների տարածումը»:

Նա ասաց, որ ՀՀԿ որոշ շրջանակներ իրեն վերագրում են ԼՂՀ հարցի հետ կապված սուտ հայտարարություններ, հատուկ ալգորիթմերով դա տարածում են ԼՂՀ բնակիչ հանդիսացող օգտատերերի շրջանակներում եւ դա արվում է ազգային զարթոնքը կասեցնելու եւ թշնամանք հարուցելու համար:

Փաշինյանն ասաց, որ ինքն էլ ջոկատ է հավաքել, մարտական հերթապահություն է արել. «Քնել եմ վրաններում, փորել եմ խրամատներ եւ ավտոմատով պաշտպանել եմ իմ հայրենիքի՝ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունը: Եվ եթե որեւէ մեկը կփորձի իմ գործունեությունը այլ լույսի ներքո ներկայացնել, ինքը կներկայանա բոլորովին այլ լույսի ներքո»:

Սաղաթելյանն արձագանքեց, որ Փաշինյանի հետ քննարկում կունենա դեզինֆորմացիաների, մանիպուլյացիաների մասին, ինքն ընդամենը ուզում էր ճշտել: Նա նաեւ հարցրեց, թե ինչպե՞ս է փոխզիջումը պատկերացնում, եթե մտադիր է ներկայացնել երկիրը: Փաշինյանը պատասխանեց, որ «Ելքի» նախընտրական ծրագրում հստակ ամրագրված է, որ փոխզիջման մասին խոսելը այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, այդ մթնոլորտում փոխզիջման մասին խոսելը մի փոքր տարօրինակ է. «Մենք կարող ենք այս պայմաններում խոսել միայն սեփական երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին: Իսկ փոխզիջման մասին կարող ենք խոսել այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ուրիշ որեւէ տարբերակ չկա: Ադրբեջանի՝ ինքնորոշման իրավունքից հրաժարումը որեւէ տեղ չի թողնում փոխզիջման մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031