«Ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Aravot.am-ը նրան հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գա իշխանության, Մարտի 1-ի էջը բացելու է, Դուք այդ մասով անհանգստանալու բան չունե՞ք՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ուրեմն, դա մենք միշտ ասել ենք եւ հիմա էլ ենք ասում, որ պատրաստ ենք, կողմնակից ենք եղել, որ ցանկացած բացահայտման, որ մեր ժողովուրդը տեղյակ լինի: Թող բացահայտվի՝ օրենքի, օրինականության սահմաններում»:
Մենք ճշտեցինք՝ Մարտի 1-ի հետ առնչություն չե՞ք ունեցել՝ Ծառուկյանն արձագանքեց. «Որ էդ հարցը տալիս ես Ծառուկյանին, դու չե՞ս ամաչում, մի հատ հլը, ասենք թե համապատասխան…: Բայց խի՞ չես ամաչում»: Ծառուկյանին հիշեցրինք այն հանդերձանքների ցանկը, որը հրապարակվել էր, եւ ասացինք,, որ Ծառուկյանը լավ գիտի, թե ինչ առնչություն ունի Մարտի 1-ի հետ՝ նա արձագանքեց. «Ես քեզ ասում եմ, մարդիկ ընդունակ են հարգարժան մարդու վրա ցեխ շպրտել եւ այդպիսի քայլեր կատարել: Ծառուկյանն այն մարդն ա, որ լիարժեք որեւէ քայլ կատարած լիներ՝ դա անմիջապես կհրապարակվեր, շարժման մասնակիցներն էլ կասեին:
2015-ին բոլորիդ հասկանալի է, որ ամբողջ ազգն էր ոտի վրա, մի գիշերվա մեջ 634 հոգի կալանավորվեցին ու հիմա ասեմ, թե ինչի համար չշարունակվեց, որովհետեւ հայտարարել էին, թե Ծառուկյանը բարեգործություն ա անում, թե որտեղ ա գումարը, կստուգեն, այսինքն՝ պատճառաբանում են. որ եթե Ծառուկյանը քայլ կատարի. Ժողովրդին հանի ոտի, վաղը կհայտարարեն, որ Ծառուկյանն իր ունեցվածքը փրկելու համար ժողովրդին հանում է ոտի: Ես ասեցի՝ պատրաստ եմ ամենը իմ վրա վերցնելու, կալանավորված իմ ակտիվիստներին բաց թողեք, ես էջը փակում եմ, եկեք ստուգեք: Ստուգեցին 1,5 տարի, համապատասխան որեւէ բան չգտան: Ես չեմ կարող ինձ թույլ տալ, որ իմ ժողովրդի մատից փուշ անցնի: Ես ինչ-որ պաշտոնի համար…Ամեն ինչի հասել եմ իմ աշխատանքով, միշտ էլ կարողացել եմ ինձ լիարժեք ճիշտ պահել, ժողովրդի հարգանքն ու սերը վայելել»:
Ծառուկյանին հարցրեցին՝ արդեն Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, կարո՞ղ եք ասել՝ 2015-ին ձեր հասցեին անձնական սպառնալիքնե՞ր են եղել՝ Ծառուկյանը պատասխանեց. «Անհարմար է, ինձ լուրջ հարցեր տվեք»:
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը գրագետ ու պատրաստված քայլ կատարեց ու պատմության մեջ անցավ, ոչ ոք չէր հավատում նրա հաղթանակին: Գյուղով քայլելով՝ 10-20 մարդ էր, ժողովուրդը իր բողոքի խոսքն ասեց հետո. «Հույս, հավատը կորել էր արդեն…Այսօր Սերժ Սարգսյանը հրաժարական տվել է, ժողովուրդն ազատ է, կարող է դուրս գալ ու իր բողոքն ասել»:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ «իմ ու Նիկոլի մեջ տարբերություն կա, բոլորը գիտեն իմ թափը, հզորությունը: Ես թիմ եմ ունեցել, որոնց կալանավորել են, իսկ Նիկոլ Փաշինյանը մենակ իր համար 3 հոգով շրջելով, խաղի կանոնները պահելով՝ արել է: Հալալա ա իրան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ