«Ես հարգում եմ իմ ժողովրդին եւ իմ ժողովրդի որոշումն իմ համար ընդունելի է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:
Հարցին՝ այսինքն, Սերժ Սարգսյանը վարչապետ էր դարձել՝ ժողովրդի կամքին հակառա՞կ՝ Ծառուկյանը պատասխանեց. «Եթե ժողովրդի կամքին հակառակ չլիներ, այսպիսի բան չէր լինի»:
Ծառուկյանն ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ժողովրդի դուրը գալիս են, հանրության սրտով են, մենք լիարժեք պատրաստ ենք համագործակցել. «Եթե մեր ծրագրերին հակառակ լիներ, մենք լսել ենք Նիկոլ Փաշինյանի ելույթները, նա այն է ասում, ինչ ժողովրդի սրտով է»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի օգտին իրենց խմբակցության անդամների քվեարկություններին եւ իր՝ նիստից բացակայությանը՝ Ծառուկյանն ասաց, որ եթե իրենք որոշում ունենային, ոչ մեկը չի կասկածում, որ հենց այդպես էլ քվեարկելու էին. «Բայց քանի որ նայելով, որ առանց մեզ, առանց «Ելքի», առանց ՀՅԴ-ի՝ ինքն իր թեկնածությունն ունի եւ համապատասխան հաղթելու էր…դրա համար եղան քննարկումներ, որ կարելի է թողել: Իհարկե, եթե դեմ էլ լինեինք, մեկ ա, Սերժ Սարգսյանը անցնելու էր, դրա համար թողեցինք ամեն մարդ իրա խղճին»:
Լրագրողները հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր, որ խուսափել եք հարկեր վճարել՝ Ծառուկյանը միանգամից արձագանքեց. «Ես Նիկոլ Փաշինյանի ցավը տանեմ, ասե՞լ է, ստուգել են ու բոլորդ կարող եք լավ իմանալ՝ 2015-ին ամբողջ հարկային դաշտը մասկաներով, ավտոմատներով մտնելով՝ թեկուզ հյուրանոց կլինի, ռեստորան կլինի՝ տարի ու կես ստուգել են: Որեւիցե մի բան չէին կարողացել գտնել, հայտարարեցին՝ չկա: Երբ որ ես սկսել եմ քաղաքականությամբ զբաղվել, լիարժեք իմ համակարգը բաց դրած ա, նույնը՝ Կարեն Կարապետյանի օրոք, Վարդան Հարությունյանի օրոք, կարող եք հարկային թղթերը վերցնել: 8 ամսում ամեն հիմնարկությունում ստուգողներից մարդ ա փոխվել, 50 հոգով ուղարկելով ամեն ինչ՝ Ծառուկյանը մաքուր ա: Ումը պետք է ստուգեն՝ չեն ստուգում, էդ բոլորը մենք գիտենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ