Այս պահին Հանրապետության հրապարակում բազմամարդ հանրահավաք է: Ժամը 12-ին Ազգային ժողովում կքննարկվի վարչապետի հարցը: Հրապարակ են ժամանել նաեւ մարզերի բնակիչներ:
Քաղաքացիները հանրահավաքին մասնակցում են «Փոքր Վեդին ձեզ հետ է», «Նոր Գեղին ձեզ հետ է», «Գորիսը ձեզ հետ է» եւ այլ բովանդակության պաստառներով ու եռագույն փուչիկներով: Հնչում է երաժշտություն նաեւ Թաթա Սիմոնյանի՝ «Իմ քայլը» շարժման պատվին գրած երգը:
«Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանը պարբերաբար հայտարարում է, որ անվտանգության նպատակներով գազով փուչիկներ չբերել հրապարակ:
Շարժման ակտիվիստ Դավիթ Սանասարյանը առաջարկեց հրապարակում քվեարկել՝ ասելով կա՞ մարդ, որ դեռ կողմ չի քվեարկելու, ի պատասխան, քաղաքացիները վանկարկեցին ո՜չ:
«Կան, խորհրդարանում դեռ կան»,-ասաց Դավիթ Սանասարյանը: Նա, դիմելով, քաղաքացիներին, ասաց, որ լուրեր են տարածում, թե իրենք շենք շինություններ են գրավելու, եթե քվեարկությունը տեղի չունենա. «Նման բան չկա, մենք շարունակելու ենք մեր պայքարը, դուք ուղղակի կազմակերպված եղեք: Եթե թոքերը չեն աշխատում օրգանիզմը չի կարող աշխատել, արհեստական շնչառությունը նրան կյանք չի տալու, ունեն մեռած փտած օրգանիզմ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ