ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը արդարացվածի կարգավիճակ ունեն։ Այս մասին ասաց պատգամավորների փաստաբան Նիկոլայ Բաղղասարյանը։
Պատգամավորները ձերբակալվել էին ապրիլի 22-ին՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու եւ անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ապա հաջորդ օրը ազատ արձակվել։
Հարցին, թե պատգամավորներն այժմ ի՞նչ կարգավիճակ ունեն, Բաղդասարյանը պատասխանեց. «Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է հետեւյալ ընթացակարգը՝ եթե անձը ձերբակալվել է, որի արդյունքում ձեոք է բերել կասկածյալի կարգավիճակ եւ 72 ժամվա ընթացքում մեղադրանք չի առաջադրվել, ապա վերջիններս արդեն ձեռք են բերում արդարացվածի կարգավիճակ։ Այս փուլում արդարացվածի կարգավիճակը նույնն է, ինչը դատարանի դատավճռով անձը համարվի անմեղ»։
Բաղդասարյանն ասաց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որ պատգամավորներին ապօրինի ձերբակալելու փաստի առթիվ հարուցվի քրեական գործ, որովհետեւ, ըստ փաստաբանի՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ՀՀ Սահմանադրության նորմերի խախտմամբ։ «Հետեւաբար, այն մարդիկ, որոնք պատգամավորների նկատմամբ սկսել են քրեական հետապնդում, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Վկայակոչել եմ նաեւ այն փաստը, որ գործի օբյեկտիվ քննության համար պետք է ձերբակալման հետ առնչություն ունեցող անձանց, այդ թվում նաեւ ոստիկանապետի, փոխոստիկանապետի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեն, մինչեւ տվյալ գործով նախաքննության ավարտը»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ դեռ դիմումին պատասխան չի ստացել։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում