Կարևոր է նաև կուլակաթափության գայթակղությունից խուսափելը։ Ոմանց թվում է, թե վաղը կամ մյուս օրը նոր իշխանությունը պետք է դաժան հաշվեհարդար տեսնի օլիգարխների հետ՝ խլելով նրանց ունեցվածքը, փակելով բիզնեսները և բանտարկելով նրանց։ Դա կարող է փլուզել ամբողջ տնտեսությունը և կոտրած տաշտակի առաջ կանգնեցնել բյուջեի կատարումը։
Լավն այն է, որ Փաշինյանը կարծես ամբողջ խորությամբ գիտակցում է այս ամենը, չի տալիս էքսցենտրիկ խոստումներ, կատեգորիկ չէ և չի բացառում, որ իր կառավարության կազմում տեղ կգտնեն մարդիկ նաև ՀՀԿ-ի թիմից։ Սա այն դեպքն է, երբ կուսակցական պատկանելությունը չպետք է հաշվի առնվի, և պետք է մոբիլիզացվի պրոֆեսիոնալ ամբողջ ներուժը։ Հասկանալի է, որ կառավարության կազմը բաղկացած է լինելու քաղաքական պայմանավորվածություններից, սակայն տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից՝ թանկ է յուրաքանչյուր ինտելեկտուալը։
Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժամանակավոր բնույթ է ունենալու, նրա գլխավոր խնդիրն Ընտրական օրենսգրքի բարեփոխումն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։ Այս կարճ ժամանակահատվածում անհնար է արագ փոխել տնտեսական քաղաքականության տրամաբանությունը։ Այս ընթացքում ամենակարևորը տնտեսությունը ցնցումներից զերծ պահելն է։
Վերադառնալով երեկվա հարցուպատասխանին՝ կրկին հիշենք, Գագիկ Մելիքյանը թվեր էր հնչեցնում՝ նշելով, որ այս իրադարձությունների յուրաքանչյուր օրը Հայաստանի տնտեսությունը ետ է գցում 1 ամսով։ Ստացվում է Հայաստանի տնտեսությունն այս շարժման պատճառով արդեն 1-2 տարի ետ է ընկել։ Սա, իհարկե, աբսուրդ է։ Այո, տնտեսավարողների համար որոշ տեխնիկական դժվարություններ են առաջացել, անորոշություններ, որոնք հետաձգել են որոշ ծրագրերի իրականացումը։ Սակայն մյուս կողմից՝ սպասումները միանգամայն դրական են, և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման դեպքում տնտեսության համար աննկարագրելի դրական էֆեկտ է ապահովելու։ Դրան էլ գումարենք, որ այս օրերին Հայաստանի մասին խոսում է ամբողջ աշխարհը՝ դրական համատեքստում, ինչը մեծացրել է հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։ Պատկերացրեք զբոսաշրջիկին, որը տեսնում է, թե հեղափոխություն անող ժողովուրդը ոչ թե ապակի է կոտրում ու մեքենա վառում, այլ հրապարակում քոչարի պարում։ Ի՞նչ եք կարծում նա կցանկանա՞ անձամբ զգալ այդ երկրի շունչը, թե՞ ոչ։
Այնպես որ, «ե՞րբ է ժողովուրդը լավ ապրելու» հարցին կարելի է շատ կարճ պատասխանել՝ շատ շուտով։ Եթե նոր իշխանությունը չշեղվի իր նպատակներից և ճիշտ ուղղությամբ շարժվի առաջ։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում