ԱԺ ՀՀԿ խմբակցությունը քիչ հետո մեկնարկելիք ԱԺ նիստում կլսի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը, նրան էլի հարցեր կուղղեն, որից հետո կհստակեցնեն խմբակցության դիրքորոշումը`վարչապետի քվեարկության մասով: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Այս որոշումը ՀՀԿ-ում կայացրել են գիշերը կայացած գործադիր մարմնի, այնուհետ խմբակցության նիստում:
Հիշեցնենք, երեկ գիշերը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որ իրեն հասած տեղեկություններով ՀՀԿ-ն պատրաստվում է տապալել քվեարկությունը: Վահրամ Բաղդասարյանն ասաց`իրենք հավատարիմ են մնալու իրենց դիրքորոշմանը եւ չեն խոչընդոտի ԱԺ նիստին:
«Մենք ասել ենք, որ մեր պատգամավորները ներկա կլինեն նիստին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը` կրկնելով`ՀՀԿ-ական պատգամավորները կլսեն Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը, նրան էլի հարցեր կուղղեն:
Վահրամ Բաղդասարյանը նաեւ ասաց, որ խմբակցությունում «հակված են» միասնական որոշում կայացնել: Կկայացնե՞ն որոշումը, թե`ոչ, այսօր օրվա ընթացքում պարզ կլինի։
«Մենք վարչապետ անպայման կունենանք: Եթե ենթադրենք` այսօր չի լինում, 7-օրյա ժամկետում կլինի, երկիրը չի կարելի պարալիզացված պահել»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին` հնարավո՞ր է հետագայում ՀՀԿ-ն առաջադրի վարչապետի իր թեկնածուին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց այսպես` քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, ամեն ինչ կախված է քաղաքական զարգացումներից, իսկ իրավիճակը երկրում փոխվում է 5-10 րոպեն մեկ:
ՀՀ խմբակցության ղեկավարը կարծում է, որ արտահերթ ընտրությունները երկիրը «հետ կգցեն»:
Ավելին, կարծում է, որ եթե արտահերթի կարիք լիներ 2017 թվականից հետո գոնե մեկ բողոքի ցույց կլիներ. «Բոլորը երջանիկ էին այն ժամանակ, այսինքն` խնդիրը արտահերթ ընտրությունների մեջ չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ