Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին դեռ վաղ է արխիվացնել. Սերգեյ Մարկեդոնով

Մայիս 01,2018 11:05

Ժամանակի ընթացքում Հայաստանի պատմության դասագրքերում պարտադիր կավելանա գլուխ՝ նվիրված 2018թ. ապրիլին։ Այդ ամսին հանրապետության բազմամյա նախագահ Սերժ Սարգսյանը փողոց դուրս եկած քաղաքացիների ճնշման տակ հայտարարեց հրաժարականի մասին, «Պրոֆիլ» հանդեսում գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Բայց Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերը չդադարեցին։ Ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա միայն առաջին քայլն էր, իսկ որպեսզի երկրում իշխանությունն իսկապես փոխվի, այդ քայլերը պետք է շարունակվեն։ Եվ իսկապես, չնայած Սարգսյանը լքեց հայկական քաղաքական օլիմպոսը, այնտեղ մնացին պատգամավորներ մեծամասնության կուսակցությունից, որոնք հետևողականորեն նրան արդարացնում էին։ Նրանք գերակա դիրքեր էին պահպանել ավագանիում, ուժային կառույցներում, դիվանագիտական կորպուսում, դատական և իրավապահ համակարգերում։ Բնական է, որ բոլոր գործարարները չէ, որ պատրաստ են միանշանակ կերպով կանգնել «ապստամբած ժողովրդի» կողքին, բայց նաև դեմ չեն օգուտ քաղել նոր իշխանության օրոք, գրում է վերլուծաբանը։ Ուստի, նա եզրակացնում է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը շուտ չի ավարտվի։

«Հնարավորություն կա հին համակարգը լիարժեք կերպով տապալելու, «հեղափոխականների» և ապարատչիկների միջև modus vivendi մշակելու, և, չի բացառվում, անգամ որոշակի «հետադարձ շարժման», եթե այսօրվա «ժողովրդի ծառաները» կրկնեն իրենց նախորդներից ոմանց ճանապարհը։ Շատ կարևոր է, որ Սարգսյանը վայր դրեց լիազորությունները՝ առանց բռնոության դիմելու, հրապարակավ հայտարարելով՝ որ ճիշտ չէր։ Որոշ ժամանակ անց այս հանգամանքը կարող է խաղաթուղթ դառնալ եթե ոչ Սարգսյանի, ապա գոնե նրանց ձեռքում, ովքեր չեն ընդունի նոր իշխանությանը»,- գրում է Մարկեդոնովը։

Քաղաքագետը կարծում է, որ այսպես կոչված «հայկական գարունը» որոշ առումներով հիշեցնում է Կիևի կամ Թբիլիսիի իրադարձությունները։ «Բայց անհրաժեշտ չափով ուսումնասիրելուց հետո պարզվում է, որ այսօր Հայաստանում կատարվող իրադարձությունները սկզբունքորեն տարբերվում են այն ամենից, ինչ կատարվում էր Ուկրաինայում և Վրաստանում»,- կարծում է նա։

Հայաստանում, Մարկեդոնովը կարծում է, որ ցուցարարներն իրենց չէին դիրքավորում որպես «քաղաքակիրթ ընտրության» կողմնակիցներ, չէին խոսում «կայսրությունից փախուստ տալու» մասին և կոչ չէին անում վերջնական ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Նման թեզեր անգամ եթե հնչում էին, ապա միայն մարգինալների շուրթերից։ Այնուամենայնիվ, քաղաքագետն այն կարծիքին է, որ «չնայած Սարգսյանին դեմոնիզացնում են, դժվար է նրան անվանել «արյունոտ բռնապետ»»։ «Գոնե միայն այն պատճառով, որ նրանք, ովքեր եկել էին նրան տապալելու, բազմաթիվ տարիներ հանգիստ նստած էին խորհրդարանում, հնարավորություն ունեին անցկացնելու զանգվածային ակցիաներ և ԶԼՄ-ներում բացահայտ քննադատել իշխանություններին»,- գրում է նա։

Մարկեդոնովը հիշեցնում է, որ Հայաստանը ԽՍՀՄ միակ երկիրն էր, որը միության կազմը լքել է չխախտելով խորհրդային օրենսդրությունը։ Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո դարձավ Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը։

Բացի այդ, հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որտեղ նախկին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը հրաժարականից հետո ոչ միայն կարողացավ վերադառնալ մեծ քաղաքականություն, այլև հասավ որոշակի հաջողությունների։

Եվ հենց 10 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն այդ նույն նախագահի մերձավոր համախոհներից մեկն էր։ Ի դեպ, հեղինակը կարծում է, որ հենց այդ իրադարձություններն էլ թռիչք ապահովեցին Փաշինյանի կարիերայում։ Հենց նրա օրինակով, հաշվի առնելով, որ Հայաստանում հնարավոր են կարիերայի նման ոլորագծեր, Մարկեդոնովը խորհուրդ է տալիս «չարխիվացնել» ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ նրա համախոհներին, քանի որ «նրանց համար ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել»։

Մյուս կողմից Մարկեդոնովը կարծում է, որ ներքաղաքական լարվածության համար հաշտեցման գործոն կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտությունը: «Եթե նոր սրում առաջանա, այն, ամենայն հավանականությամբ, կմիավորի հայ հասարակության տարբեր շերտերը՝ անկախ Փաշինյանի, Սարգսյանի կամ այլոց նկատմամբ անձնական վերաբերմունքից»,- կարծում է Մարկեդոնովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031